Հյուսիսային պողոտայից այսօր մեկնարկեց Միացյալ Երիտասարդական Լիգա (ՄԵԼ) շարժման նախաձեռնած երթն ընդդեմ «Խորան» կրոնական կառույցի գործունեության:
Aravot.am-ի հետ զրույցում ՄԵԼ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը նշեց` քաղաքապետարանն արգելել էր Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը, քանի որ ՄԵԼ-ի դիմումը ներկայացվել էր հանրահավաքի օրվանից վեց օր առաջ` սահմանված յոթ օրվա փոխարեն. «Այդ իսկ պատճառով որոշեցինք երթ կազմակերպել` թույլատրելի 25 հոգու սահմաններում»:
Կարդացեք նաև
Մասնակիցները շարժվեցին կառավարության շենք` նամակների բաժին հանձնելով դիմում-պահանջը, որում մասնավորապես ասվում էր. «Միացյալ Երիտասարդական Լիգա հասարակական շարժումը, շարունակաբար նամակներ ստանալով Իսպանիայում ապրող մեր հայրենակիցներից «Խորան» կրոնական կազմակերպության ղեկավարների անօրինական գործունեության մասին, սկսեց հրապարակել դրանք` ձեռնամուխ լինելով բացահայտել ու կասեցնել այդ աղանդի ղեկավարների քայքայիչ գործունեությունը: «Խորան» միջազգային քրիստոնեական «եկեղեցին» բացվել է Իսպանիայում և գրանցվել Հայաստանում 2008թ-ին: Ղեկավարներն են ազգությամբ հայ Հրաչյա և Գայանե Խաչատրյանները: Կրոնական կառույցի քայքայիչ գործունեության մասին մասնավորապես մամուլում բարձրաձայնելու արդյունքում Միացյալ Երիտասարդական Լիգան բազմաթիվ սպառնալիքներ է ստացել «Խորանի» ղեկավարներից, սակայն փաստերն արժանացել են մեր օրինապահ մարմինների անտարբերությանը:
ՄԵԼ-ը, հաշվի առնելով «Խորան» կրոնական կազմակերպության ղեկավարների անօրինական գործունեությունը եւ դրա հետեւանքով Իսպանիայի հայ համայնքի ճնշվածությունը, ՀՀ կառավարությունից պահանջում է գրանցումից հանել «Խորան» միջազգային քրիստոնեական եկեղեցի կազմակերպությունը եւ օրենքով կասեցնել Հրաչյա և Գայանե Խաչատրյանների քայլերը, ովքեր Իսպանիայում հոգեւորսության միջոցով թալանում են իրենց կառույցի անդամներին` քայքայելով հայ ընտանիքները»:
Կառավարությունից պատասխան ստացվելու է առաջիկա 15 օրերի ընթացքում. «Հակառակ դեպքում մենք նստացույց էլ կանենք».-ասաց ՄԵԼ համանախագահ Դանիել Պետրոսյանը:
Հավելենք, որ երթի ընթացքում ցուցարարների անվտանգությունն էին ապահովում ոստիկանության աշխատակիցները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ