Լրահոս
Օրվա լրահոսը

9 ամիս է՝ ջրի երես գրեթե չեն տեսել

Հուլիս 25,2012 22:14

Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի առաջին նրբանցքի բնակիչներն անելանելի իրավիճակում են հայտնվել: Արդեն 9 ամիս է՝ անհատական տներից բաղկացած թաղամասի  բնակիչները ջրի երես գրեթե չեն տեսնում: «Օրական կես ժամ կամ առավելագույնը 1 ժամ ջուր հազիվ են տալիս, դա էլ` լուսադեմին 5-6-ի կողմերը: Կես ժամում ո’չ հասցնում ենք նորմալ լողանանք, ո’չ լվացք անենք, ո’չ էլ ամբողջ օրվա համար ջուր կուտակենք: Լվացքը օրերով մնում է  լվացքի մեքենայում, արդեն 3 օր է մեքենան կանգնած է, սպասում ենք ջուր տան, որ պարզաջրվի, հանենք փռենք: Խի սենց բա՞ն է լինում: Էս շոգին մարդու առանց ջրի կթողնե՞ն: Վարդավառից հետո ընդհանրապես ջուր չենք ունենում», -ասում է թաղամասի բնակչուհի տիկին Գայանեն:

Բնակիչները խնդրի մասին անընդհատ բարձրաձայնել են ու բոլոր պատասխանատու կառույցների դռները բախել: Կապանի քաղաքապետարանին են դիմել (այստեղ խոստացել են զբաղվել խնդրով), ինչպես նաեւ «Հայջրմուղկոյուղու» Կապանի տարածքային ու հարավային տարածաշրջանային կառույցի եւ իհարկե ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին տեղյակ պահել լրջագույն այս խնդրի մասին: «Կապան կատարած այցի ժամանակ Պատրիկ Լորենին խնդրի մասին տեղյակ պահելուց հետո 15 օր նորմալ գրաֆիկով ջուր ստացանք, դրանից հետո էլի նույն իրավիճակը սկսվեց: Ամբողջ օրը մենակ վաղ առավոտյան են ջուր տալիս, ստիպված շուտ արթնանանում ենք, որ գոնե հասցնենք լողանանք կամ տան գործերն անենք: Էսօր առավոտյան 5:55 տվել են 6:40 ջուրը կտրել: Մենք մեր տներից արդեն զզվում ենք, ջուր չկա, որ մաքրություն անենք: Հիմա, որ օրերը տաքացել են, ընդհանրապես առանց ջրի հնարավոր չի լինում ապրել:  Աղջիկս երեխու հետ Ռուսաստանից եկել ա, ջուր չլինելու պատճառով մեր տանը չեն կարողանում մնան: Նախկինում առավոտյան ժամը 7-9 եւ երեկոյան 6-8 ջուր էին տալիս, բայց հիմա ամբողջ օրը ծորակները բաց ենք պահում, որ կարող է հանկարծ ջուր գա` մի բաժակ ջուր վերցնենք: Բայց քիչ չէ՝ օդ է գալիս, հլա ջրաչափն էլ ֆռռում է», – բարկացած ասում են բաժանորդները:

Գարեգին Նժդեհի առաջին նրբանցքի 9 անհատական տներից բաղկացած թաղամասի բնակիչները փաստում են, որ իրենց մոտ խնդիրը սկսվեց այն ժամանակ, երբ փոխեցին թաամասի ջրագիծը: Ջրմուղից բնակիչների անվերջ բողոքներին միայն պատասխանել են ու պատճառաբանել, որ ջրագիծը սարքելիս շինարարները սխալ միացում են տվել, դա շինարարական կազմակերպության սխալի արդյունքն է: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ծանոթ են խնդրին, ջրագծի մոտ 60 մ խողովակաշարի փոփոխման անհրաժեշտություն կա, ներկայումս խնդիրը քննարկվում է եւ մոտ ապագայում խնդրին հիմնովին  լուծում կտրվի:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031