Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախուզում է հայտարարվել Գլխավոր դատախազության նախկին դատախազի որդիների նկատմամբ

Հուլիս 25,2012 21:03

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել 36-ամյա Գնել Խզարդյանի և 28-ամյա Լևոն Շահբազյանի նկատմամբ: Ինչպես  Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, և հենց Ոստիկանությունը հայտնաբերեց դատախազի որդիներին, նրանք տեղափոխվելու են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ՝ հուլիսի 22-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 12.45-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով մի քաղաքացի էր տեղափոխվել: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի և ավագ քննիչ Արմեն Կավեյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզել էր, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Նորք 1-ին զանգվածի Նանսենի փողոցի 5/2 շենքի բնակիչ 52-ամյա Ռուստամ Արաբյանն էր, ով հրազենային վնասվածքն ստացել էր ձախ ոտքի շրջանում: Ռ. Արաբյանը մասնագիտությամբ թիթեղագործ-ներկարար է և իր արհեստանոցն ունի Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցի վրա գտնվող նախկին բազալտի գործարանի հարակից տարածքում: Պարզվել էր, որ կրակոցները հնչել էին Ռ. Արաբյանի նշված արհեստանոցում, որտեղ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել և առգրավել էր 3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և մեկ հատ 7.62 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ:
Կրակոցներից մեկ ժամ առաջ , Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռ. Արաբյանի և մի քանի հոգու միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որից մեկ ժամ հետո վիճաբանողները վերադարձել և կրակոցներ էին արձակել:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ տուժողը ենթարկվել է վիրահատման և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոցում հավաքված քաղաքացիներն իրեն հայտնել են, որ կրակոցներն արձակել են ՀՀ Գլխավոր դատախազության նախկին դատախազ Լեռնիկ Շահբազյանի որդիներն ու նրանց ընկերները և հուսով են, որ Ոստիկանությունը կարճ ժամանակահատվածում կհայտնաբերի նրանց, և մեղավորները, անկախ նախկին և ներկա պաշտոնից ու դիրքից, պատասխանատվության կենթարկվեն։

Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031