Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստին ներկա են եղել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Օրակարգի հարցերի թվում քննարկվել է նաև նորվեգացի մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում, համանուն թանգարանին կից հոգևոր կառույցի ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի կողմից արված էսքիզային առաջարկը: Հիշեցնենք, որ կառույցն իրականացվում է տարածքի բնակիչների խնդրանքով ՝ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների բարեգործական միջոցներով և լինելու է Երևան համայնքի սեփականությունը:
Հարցի վերաբերյալ կարծիքներ հայտնած նիստի մասնակիցների ընդհանուր տեսակետը հետևյալն էր. գաղափարը թույլատրելի է, բայց պետք է գտնել ճարտարապետական այնպիսի լուծում, որը ներդաշնակ կլինի կառուցվող թանգարանին:
Ճարտարապետական հանձնաժողովը քննարկել է նաև Հանրապետության հրապարակի և հարակից տարածքների կառուցապատման կարգավորման նպատակով փորձագիտական աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր ճարտարապետները, ողջունելով Երևանի գլխավոր ճարտարապետի առաջարկությունը, հարցի շուրջ ծավալված քննարկման ընթացքում արտահայտել են իրենց տեսակետներն ու դիրքորոշումը, ըստ որի նման մասնագիտական աշխատանքային խմբի ձևավորումն անհրաժեշտություն է:
Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը որոշել է առաջիկա նիստի ընթացքում գործնական քննարկում ծավալել վերը նշված փորձագիտական աշխատանքային խմբի ձևավորման շուրջ՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև կազմակերպչական և բովանդակային այլ հարցերի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն