Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիրիայի իշխանությունները հազարավոր զինվորներ են ուղարկում Հալեպ` երկրի երկրորդ խոշոր քաղաքը ապստամբների բանակի հարձակումներից պաշտպանելու համար։
Կառավարական զորքերի օդուժը ռմբակոծել է Հալեպի ապստամբների գրաված թաղամասերը: Երեքշաբթի օրը քաղաքի արվարձաններում կատաղի մարտերի ընթացքում կառավարական զորքերը տանկեր ու մարտական ուղղաթիռներ են օգտագործել ապստամբների ուժերի դեմ:
Մայրաքաղաք Դամասկոսում Բաշար ալ-Ասադի զորքերը հակահարձակման են անցել: Չորեքշաբթի վաղ առավոտյան հրետանիով ու հրթիռներով ռմբակոծվել է Դամասկոսի ալ-Թել արվարձանը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ: Հարյուրավոր խուճապահար մարդիկ փախել են իրենց տներից: Ընդդիմության ակտիվիստներից մեկը Reuters լրատվական գործակալությանը ասել է, որ արթնացել են պայթյունների ձայներից, քաղաքի վրա ուղղաթիռներ են, կտրված է էլեկտրամատակարարումն ու հեռախոսային կապը:
Թուրքիայի հետ սահմանային շրջաններում անկարգությունները սաստկանում են։ Հալեպը ընդամենը 60 կիլոմետր է հեռու Թուրքիայի սահմանից: Անցած շաբաթ թուրք – սիրիական սահմանային Բաբ ալ-Հավա անցակետում զինված անձինք թուրքական տասնյակ բեռնատար մեքենաներ են թալանել:
Կարդացեք նաև
Իրավիճակի վատթարացման հետեւանքով, անվտանգության նկատառումներից ելնելով Թուրքիան այսօր հայտարարել է, որ փակում է 911 կիլոմետրանոց սահմանը, բայց ոչ` փախստականների համար: Թուրքիայի իշխանությունները ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովին ասել են, որ փախստականների համար սահմանը բաց կպահեն: Հայտնելով այս մասին` ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովի մամուլի քարտուղարը ասել է, որ Սիրիայում արդեն մեկեւկես միլիոն տարհանված մարդ կա:
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է մտցրել Սիրիայի դեմ: Դրանք նախատեսում են օդանավակայաններում ու ծովային նավահանգիստներում ստուգել երրորդ երկրներից Սիրիա ուղարկվող բոլոր բեռները, եթե կասկածներ կան, որ այնտեղ կարող է զենք լինել:
Ռուսաստանի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, որ նոր պատժամիջոցները անարդյունավետ են, եւ, ըստ էության, Սիրիան փաստացի շրջափակվում է: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան չի ճանաչում այդ պատժամիջոցները։
Միջազգային լրատվամիջոցները նաեւ հաղորդում են, որ Կիպրոսում Սիրիայի դեսպան տիկին Լամիա ալ-Հարիրին լքել է իր պաշտոնը: Երեքշաբթի օրը նա դեսպանատան աշխատակիցներին ասել է, թե վատ է զգում եւ գնում է բժշկի, սակայն ընդդիմադիրների Սիրիական ազգային խորհրդից Reuters-ին ասել են, որ դեսպանը լքել է պաշտոնը եւ հիմա գտնվում է Քաթարում:
Վերջին օրերին Իսրայելն է խորը մտահոգություն հայտնում Սիրիայի քիմիական զենքի կապակցությամբ: Այսօր Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսրայելը անհապաղ գործողությունների կդիմի, եթե տեսնեն, որ Լիբանանի «Հըզբոլա»-ի զինյալները փորձում են գրավել Սիրիայի քիմիական ու կենսաբանական զենքերի պահեստները: «Մեզ համար դա պատերազմի հիմնավոր պատճառ կլինի, կարմիր գիծ, որ չի կարելի անցնել», – Իսրայելի ռադիոյով ասել է Ավիգդոր Լիբերմանը:
Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
«Ազատություն» ռադիոկայան