Ցույցի մասնակիցները քարեր և շշեր են նետել ոստիկանության ուժերի ուղղությամբ
Կալիֆորնիա նահանգի Անահայմ քաղաքում պահպանվում է լարվածությունը՝ այս տարի ոստիկանության ծառայողների կողմից զոհերի պատճառը դարձած մի շարք հրաձգությունների պատճառով:
Քաղաքում երեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած ցույցի մասնակիցները քարեր և շշեր են նետել ոստիկանության ուժերի ուղղությամբ: Ցույցն անցկացվել է այն բանից հետո, երբ ցուցարարներին թույլ չի տրվել մասնակցել ոստիկանության կողմից իրականացված հրաձգության քննարկմանը նվիրված քաղաքի ավագանու նիստին:
Ոստիկանության տվյալների համաձայն, ձերբակալվել է ցույցի առնվազն հինգ մասնակից:
Կարդացեք նաև
Անահայմում բողոքի ցույցերը, ներառյալ չորեքշաբթի օրվա ցույցը, շարունակվում են արդեն չորրորդ օրը: Ցույցերի պատճառն է դարձել ոստիկանության կողմից զենքի կիրառման հանգամանքը, որի պատճառով այս տարի զոհվել է արդեն հինգ արդ, որոնցից երկուսը զոհվել են անցյալ շաբաթվա ընթացքում: Այսպես, անցյալ շաբաթ օրը ոստիկանները, հետապնդելով կասկածյալին, կրակ են բացել, որի արդյունքում կասկածյալը զոհվել է, իսկ կիրակի օրը ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում զոհվել է մեքենայի գողություն իրականացրած մեկ անձ:
Անահայմի քաղաքագլուխ Թոմ Թեյթը կոչ է արել նահանգային և դաշնային իշխանություններին իրականացնել շաբաթ օրը տեղի ունեցած սպանության հետաքննությունը: Քաղաքի ավագանին երեքշաբթի օրը դիմել է դաշնային դատախազությանը՝ նույն հրաձգությունը հետաքննելու խնդրանքով:
Անահայմ քաղաքը գտնվում է Լոս Անջելեսից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»