Թուրքիայի իշխանությունները հայտնել են Սիրիայի հետ սահմանային անցակետերը փակելու մասին
Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հայտնել են երկրի իշխանությունների կողմից դեպի Հալեպ զինված լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխելու մասին: Քաղաքում արդեն հինգերորդ օրն է չեն դադարում կատաղի մարտերն ապստամբների և զինված ուժերի միջև:
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, չորեքշաբթի օրը բախումները, որոնց ընթացքում Սիրիայի զինված ուժերն ուղղաթիռներ են կիրառել, շարունակվել են Հալեպի մի քանի շրջանում:
Կազմակերպության համաձայն, Հալեպի նահանգում, Համա և Իդլիբ քաղաքներում հրաձգության և հրետանային կրակի պատճառով չորեքշաբթի օրը զոհվել է առնվազն ութ մարդ: Ակտիվիստների համաձայն, կառավարական ստորաբաժանումները հրետանային կրակ են բացել նաև Դամասկոսի ալ-Թել արվարձանի ուղղությամբ:
Սիրիայից անցյալ տարվա մարտ ամսին սկսած ապստամբության ժամանակից փախուստի է դիմել ավելի քան 100 հազար մարդ: Ակտիվիստների տվյալների համաձայն, երկրում տեղի ունեցող բախումները դարձել են ավելի քան 19 հազար զոհի պատճառը:
Կարդացեք նաև
Այս ընթացքում հարևան Թուրքիայի իշխանությունները հայտնել են Սիրիայի հետ սահմանային անցակետերը չորեքշաբթի օրվանից սկսած փակելու մասին՝ պատճառաբանելով այս որոշումը Սիրիայում անվտանգության վատթարացող իրավիճակով:
Սահմանային անցումները փակելու պատճառով երկու պետությունների միջև փակվելու է նաև առևտրի համար մեծ նշանակություն ունեցող ավտոմոբիլային հաղորդակցությունը:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»