Aravot.am-ը պարբերաբար դժգոհություններ է ստանում ծնողներից, որ մանկապարտեզներում խմբերը գերբեռնված են, ինչի հետեւանքով երեխաների խնամքը լավ չի կազմակերպվում եւ դժվար է լինում խուսափել հնարավոր վտանգներից: Եվ մինչ դայակը ճաշի հարցերով է զբաղված, դաստիարակը չի հասցնում 40 երեխային տեր կանգնել: Մանկապարտեզներն անվճար դառնալուց հետո խմբերում 20-25 երեխայի փորարեն 40-45 երեխա է ընդգրկված:
Ի պատասխան ծնողների բողոքների՝ այսօր, «Արմատ» մամուլի ակումբում, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանն Aravot.am-ին ասաց. «Կրթության եւ գիտության նախարարի հրամանով, այդ խմբերի բեռնվածությունն ունի որոշակի թվաքանակ, միաժամանակ ունի նաեւ մեկնաբանություն, եթե երեխաների թիվն ավելի է լինում, այնտեղ կազմակերպվում է աշխատանքին օժանդակելու մի այլ միջոց: Կրկնակի լինելու դեպքում կարելի է դայակի եւ դաստիարակի մեկ կամ կես դրույք ապահովել, այդ հրամանով կարգավորվում է»:
Մեր հարցին, թե ո՞վ է վերահսկում, որպեսզի դայակի կամ դաստիարակի հաստիքը պարտադիր ավելացվի, տիկին Աչոյանն պատասխանեց, որ մանկապարտեզի տնօրենն ինքը պետք է դիմի քաղաքապետարան:
Ասուլիսին ներկա լրագրողներից մեկը, որի երեխան հաճախում է Շենգավիթ վարչական համայնքի թիվ 143 մանկապարտեզ՝ նկատեց, որ միջին խմբում, որտեղ իր երեխան է, 40-45 երեխա կա եւ լրացուցիչ աշխատող տնօրենը չի պահանջել, իսկ մեկ դայակն էլ «վերածվել է անվտանգության աշխատակցի, որպեսզի երեխաներն իրար չվնասեն»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը թիվ 143 մանկապարտեզի տնօրեն Մարինե Հարությունյանից հետաքրքրվեց, թե դիմե՞լ են, արդյոք, դայակի հաստիք ավելացնելու համար:
«Չեմ դիմել, քանի որ այդ աստիճան ծանրաբեռնված չէ այդ խումբը, ծնողը գունագեղ է ներկայացրել: Նախ այդ խմբում երեխաների թիվը մինչեւ 40 է, իսկ այդ դեպքում 5 երեխայի համար չարժե դիմել նոր հաստիքի համար, եթե պետք լինի, մենք կդիմենք նոր խումբ ավելացնելու, մեր շենքային պայմանները թույլ են տալիս»,-մեր հարցին ի պատասխան՝ ասաց մանկապարտեզի տնօրենը:
Ինչ վերաբերում է, որ 1 դայակը կամ դաստիարակը ֆիզիկապես չեն հասցնում հետեւել 40-45 երեխային, տիկին Աչոյանն ասաց. «Մենք շատ ավելի պիտի վստահենք մարդու բարոյական կերպարին, կլինի դայակ, դաստիարակ, մանկավարժ կամ տնօրեն: Հնարավոր չէ առավոտից երեկո մարդու կողքին լինել, մանկավարժ է, մարդ է, եւ նա գիտի իր պարտականությունները, եթե իր խիղճը կուրացած լինի, նա ամեն ինչի էլ ընդունակ կարող է լինել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ