«Ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ, Ար-մաֆիա, Ար-մաֆիա» վանկարկելով՝ այսօր մի խումբ ակտիվիստներ «Արմավիա» ավիաընկերության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Չնայած նրան, որ ակցիային սակավաթիվ մարդիկ էին մասնակցում, բայց հնչած հայտարարություններն ու մասնակիցների դժգոհությունները բավականին բուռն էին:
«Ես կոչս ուղղում եմ «Արմավիայի» ղեկավարությանը, որը համարվում է ազգային փոխադրող, եւ մենք տարիներ շարունակ հանդուրժել ենք նաեւ այն պատճառով, որ ազգային անվտանգության խնդիր է եղել, որ գոնե մի ազգային փոխադրող ունենանք: Հիմա ունենք փորձաքար, որտեղ տապալեց ամբողջությամբ իր ազգային լինելը: Երբ մեր սիրիահայ հայրենակիցները մեծ խնդիրներ ունեն ու չեն կարողանում տեղափոխվել Հայաստան, այստեղ մի խումբ մարդիկ մոռանալով, որ իրենք ազգային են, փող են դիզում այդ մարդկանց տառապանքի հաշվին: Կոչ ենք անում հասկանալ` թե ի՞նչ է ազգայինը, երբ քաղաքականությունն այդ առումով ուղղորդված է եղել, դուք պաշտպանված եք եղել հավասար մրցակցությունից եւ այդ առավելությունը պետք է դնել ի շահ հայ ժողովրդի: Եթե դուք վաղը չկարողանաք ապացուցել, որ դուք ազգային եք, նշանակում է` դուք մեզ ընդհանրապես պետք չեք»,-ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Նվարդ Մանասյանը:
Նկատենք, որ բողոքի ակցիային ոչ մի սիրիահայ չէր մասնակցում, երբ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, ակտիվիստներն այսպես արձագանքեցին` «Ի՞նչ տարբերություն, մենք էլ ենք սիրիահայ, եւ ընդհանրապես ինչ տարբերություն` ղարաբաղցի, թե ապարանցի՝ բոլորս էլ հայ ենք»:
Կարդացեք նաև
Նշենք, որ սիրիահայերի` «Արմավիայի» Հալեպ-Երեւան թռիչքի տոմսերի արժեքը շատ թանկ է, եւ նույնիսկ մինչեւ օգոստոսի վերջ տոմս էլ չկա, ավիաընկերությունն օրերս հայտարարություն էր տարածել, որ տոմսերի գներն ավելացրել են միջնորդ ընկերությունները:
Այսօր քաղաքացիական ակտիվիստ Ապրես Զոհրաբյանն էլ հակափաստարկ բերեց, ըստ որի, ոչ մի միջնորդ կազմակերպություն իրավունք չունի հավելյալ արժեք դնել տոմսի վրա, կամ էլ պայմանագրով նախատեսվածից էժան վաճառել, քանի որ ավիաընկերությունը պարզապես պայմանագիրը կդադարեցնի: Ակտիվիստի խոսքերով. «Բավականին հարուստ ընկերություն է` ունի շենքեր ինքնաթիռներ, ինքը հարուստ է, որովեհետեւ մենք ենք իրանցից տոմսերը գնել, եթե մենք մի օր որոշում կայացնենք, որ էլ իրենցից չենք գնելու այդ տոմսերը, իրանք կսնանկանան, ուրեմն թող խելքները գլուխները հավաքեն` որ համազգային բոյկոտի առիթ չտան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ