Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւակի որդին դատի չի տա, իսկ Էմմին կգրի Facebook-ում

Հուլիս 25,2012 16:02

Շրջանառության մեջ է Էմմիի և ֆրանսահայ երգիչ Եսայու զուգերգի տեսահոլովակը, որը նկարահանվել է «Էրեբունի-Երևան» երգի հիման վրա:

Ըստ «Փաստինֆո» գործակալության՝ երգիչները կատարում են Պարույր Սևակի խոսքերով եւ Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ ստեղծված այդ հանրահայտ երգը, սակայն տեսահոլովակի ներքո երգի իրական հեղինակների մասին ընդհանրապես չի հիշատակվում, դրա համար էլ Սեւակի ժառանգները պատրաստվում են դատի տալ երգիչներին՝ առանց ժառանգների թույլտվության ստեղծագործությունը կատարելու համար:

Պարույր Սեւակի որդին՝ Արմեն Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ պատմությունից տեղյակ չէ: «Ես չգիտեմ, թե ո՞վ է այդ լուրը տարածել, ընդհանրապես տեղյակ չեմ…Ես Էմմիին չեմ ճանաչում, գաղափար չունեմ՝ խոսքն ինչի մասին է, առաջին անգամ եմ լսում: Իսկ այդպիսի երգիչ-երգչուհիների չեմ լսում»,-ասաց նա:

Էմմիի մայրը եւ պրոդյուսերը՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց, ասելով, որ «Մենք ունենք» «Մենք ու մենք» նախագիծը «Հ1»-ինն է, ու ինքը համոզված է, որ Հանրայինը գործել է օրենքի տառին համապատասխան: Նա նաեւ հավելեց, որ Էմմին պատրաստվում է հարցի վերաբերյալ ուղերձ գրել facebook-ում, որովհետեւ չի ուզում որեւէ հարցազրույց տալ: «Քանի որ ծրագիրը «Հ1»-ինն է, թող հեռուստատեսությունը պատասխան տա, իսկ մենք բոլոր հեղինակային իրավունքները պահպանել ենք: Եսային ամեն ինչ գրանցել է Ֆրանսիայում, նաեւ տեսահոլովակի սկզբում գրել է երգի եւ հեղինակների անունը: Կարծում եմ, եթե որեւէ երգ արդեն տպագրված է, ուրեմն տարբեր կատարողներ իրավունք ունեն այն կատարել, ինչպես Սինատրայի «Նյու Յորքի», կամ Լայզա Մինելիի երգերի պարագայում: Իսկ եթե ուզում են, թող դատի տան, ի՞նչ ասեմ…Օրինակ՝ Արայիկ Բաբաջանյանը ուրախ էր, որ Էմմին ժամանակին կատարեց Բաբաջանյանի «Կամուրջները» կամ Էրիկը՝ «Քո հետքերը», ինչ պրոբլեմ կա էդտեղ»,- նշեց երգչուհին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031