Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղը մեկնում է Լոնդոն` ոգեւորելու ամառային 30-րդ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած եւ արդեն այնտեղ գտնվող Հայաստանի մարզիկներին:
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 27-ին ներկա կլինի խաղերի բացման արարողությանը, հաջորդ օրը կհանդիպի տեղի հայկական համայնքի հետ, իսկ հուլիսի 29-ին Հայաստանի պատվիրակության մյուս անդամների հետ Լոնդոնի հայկական եկեղեցու տարածքում կմասնակցի «Հայաստանի օրվան», որին ներկա են լինելու Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները, պաշտոնական հյուրեր ՄՕԿ-ից եւ խաղերի կազմկոմիտեից, Անգլիայի ու եվրոպական հարեւան երկրներում բնակվող հայկական համայնքների պատվիրակությունները, որոնք մեր մարզիկների մրցելույթներին անձամբ ներկա գտնվելու եւ աջակցելու պատրաստակամություն են հայտնել:
Այդ օրը հյուրերը կծանոթանան Հայաստանին եւ, մասնավորապես, հայկական սպորտին նվիրված ցուցահանդեսի աշխատանքներին, կմասնակցեն մշակութային հարուստ ծրագրին:
Կարդացեք նաև
Ամենայն հավանականությամբ՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ կունենա ՄՕԿ-ի եւ այլ երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ