Անցյալ տարվա մայիսի 26-ին Գարեգին Շահվերդյանը դիմել էր ՀՀ փաստաբանների պալատ՝ փաստաբան Կրոմվել Գիրգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:
Հուլիսի 28-ին պալատը կայացրեց թիվ 15/11 որոշումը. Կրոմվել Գրիգորյանը ստացավ նկատողություն:
Փաստաբանը բողոքարկման նպատակով ուշացումով դիմեց դատարան, հայտնելով, թե ինքը փաստաբանների պալատից այդ որոշումը չի ստացել:
Թատերական գործիչ Գ.Շահվերդյանն այդ կապակցությամբ դիմեց դատարան, որպեսզի իրեն ներգրավվեն որպես կողմ՝ երրորդ անձ, սակայն մերժվեց նրա դիմումը՝ ինչպես ընդհանուր իրավասության դատարանի, այնպես էլ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից:
Կարդացեք նաև
«Առավոտն» անդրադարձել է Շահվերդյան-Գրիգորյան վեճի սկիզբ դարձած գործին:
1997թ-ին, երբ Կրոմվել Գրիգորյանը դեռ ճանաչված փաստաբան չէր, այլ ընդամենը դատական կատարածու՝ տեսուչ, Շահվերդյանին սեփականության իրավունքով պատկանող Էջմիածնի շրջանի Մերձավան գյուղի Այգեգործների տունը նա վերցնում է արգելանքի տակ:
«Իմ սեփականության վերաբերյալ աճուրդը չկայանալու ակտը ստորագրել է Կ.Գրիգորյանը, որպես պաշտոնատար անձ: 2010թ-ին իմ եւ վեճի առարկա վիճելի տան գործով նա սկսեց ներկայացնել մեկ այլ քաղաքացու շահերը»,- ասում է Գ.Շահվերդյանը:
Ըստ Շահվերդյանի, ինչպես նաեւ փաստաբանների պալատի գնահատականի, Կ.Գրիգորյանը խախտել է «Փաստաբանության մասին» օրենքի 20 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, համաձայն որի, փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալ այն դեպքում, երբ տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, փորձագետ, տուժող, կամ վկա, կամ էլ հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը:
Ի դեպ, դատավորներից մեկի որոշման համաձայն, դատական տեսուչ-կատարածուն չի դիտվել պաշտոնատար անձ:
Գ. Շահվերդյանը մտադիր է դիմել արդարադատության նախարարին՝ այդ հարցի պատասխանը ստանալու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ