Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հանրապետությունը» զորակցում է դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին

Հուլիս 25,2012 15:19

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ.

«Վարչախումբը շարունակում է քաղաքական ճնշումների և իրավապահ մարմինների կողմից իրականացրած բռնությունները խրախուսելու գործելաոճը: Թիրախ են դարձել Հայ Ազգային Կոնգրես քաղաքական միավորման ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, որոնց դեմ գործի է դրվել ոստիկանա-դատական մամլիչ մեքե նան: Դատարանը ՀԱԿ ակտիվիստներին մեղավոր է ճանաչել մի արարքի համար, որը պետք է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավաչափ վարքագիծ համարվի` միջամտել և պաշտպանել իրավունքի խախտման զոհին, բռնել ապօրինություն անող յուրաքանչյուր ձեռք, եթե անգամ դա համազգեստավոր է:

Ակտիվիստների նկատմամբ կիրառել է մարտիմեկյան ռեպրեսիաների հիմնական գործիքներից մեկը` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածը, որը «հաջողությամբ» զբաղեցրել է քաղաքական ռեպրեսիաների մեկ այլ գործիքի` վարչական կալանքներ նախատեսող հոդվածների տեղը:

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ անձին մեղավոր ճանաչելու պարտադիր նախապայմաններից է ոստիկանի կամ իշխանության այլ ներկայացուցչի կողմից օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման փաստի ապացուցումն է, այլ պարագայում մեղադրվողներն անմեղ են: Ինչպես մարտիմեկյան քաղբանտարկյալների, այնպես էլ ՀԱԿ ակտիվիստների պարագայում կայացված դատավճիռները հանրությանը չեն համոզել, որ բռնության ենթարկված ոստիկանները կատարելիս են եղել իրենց ծառայողական պարտականությունները:

Դատական համակարգը, գրեթե առանց բացառության, հաստատել և հաստատում է այն մեղադրանքները, որոնք ներկայացնում է ռեժիմը` կատարելով զուտ արարողակարգային դերակատարությունը:

«Հանրապետություն» կուսակցությունն արձանագրում է, որ

-ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճիռն ապօրինի է և դաժան, իսկ երիտասարդները քաղաքական հետապնդման զոհեր են,

-վարչախմբի էությունը մնացել է նույնն` ինչ 2001, 2003-2004, 2005, 2007 և 2008 թվականներին էր, երևույթներին տրված` «մեկ քայլ առաջ», «դրական փոխոխություններ» և «բարեփոխումներ» գնահատականները բովանդակազուրկ արտաքին ձևավորում են:

«Հանրապետություն» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում ազատազրկման դատապարտված երիտասարդ ակտիվիստներին, հայտարարում է որդեգրած` իշխանափոխության հասնելու ուղուն իր հավատարմության մասին և կոչ է անում հանրությանը շարունակել պայքարը Հայաստանում օրինական և լեգիտիմ քաղաքական իշխանություն ձևավորելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել