Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Սևակի ժառանգները դատի կտան Էմմիին

Հուլիս 25,2012 15:01

Վերջերս շրջանառության մեջ է դրվել Էմմիի և ֆրանսահայ երգիչ Եսայիի զուգերգի տեսահոլովակը, որը նկարահանվել է «Էրեբունի-Երևան» երգի հիման վրա:  Թեև երգիչները կատարում են Պարույր Սևակի բոլորիս հայտնի ու սիրված «Էրեբունի- Երևան» բանաստեղծության խոսքերի հիման վրա Էդգար Հովհաննիսյանի գրած հանրահայտ երգը, սակայն տեսահոլովակի ներքո երգի իրական հեղինակների մասին ընդհանրապես չի հիշատակվում: «Կարծես երգի ու երաժշտության հեղինակը հենց Էմմին ու Եսային են: Ծիծաղելի է: Նրանք ամբողջությամբ աղավաղել են երգը»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեցին Պարույր Սևակի ընտանիքի անդամները: Նրանց խոսքով՝ Էմմին կամ երգի հետ առնչություն ունեցող որևէ մեկը չի դիմել ոչ Սևակի, ոչ Էդգար Հովհաննիսյանի ժառանգներին՝ երգը կատարելու թույլտվություն ստանալու համար:

«Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանի խոսքով՝ հեղինակային իրավունքը բաղկացած է երկու մասից՝ անձնական իրավունքներից  և  գույքային իրավունքներից:  Ըստ նրա՝ այս պարագայում խախտվել է Պարույր Սևակի և Էդգար Հովհաննիսյանի և անձնական և գույքային իրավունքները: «Անձնական իրավունքի խախտում է, քանի որ չի նշվում, թե ովքեր են երգի խոսքերի և երաժշտության հեղինակները: Գույքային իրավունքների խախտում է, քանի որ երգն օգտագործելիս նրանք պետք է ունենային Սևակի և Է. Հովհաննիսյանի ժառանգների թույլտվությունը»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Սուսաննա Ներսիսյանը: Ըստ նրա՝  «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գույքային իրավունքները գործում են անձի մահվանից հետո 70 տարվա ընթացքում: Որպեսզի տեսահոլովակի ներքո գրվի նաև Պարույր Սևակի և Է. Հովհաննիսյանի անունները, գրողի ժառանգները  կարող են միջոցներ ձեռնարկել,  դիմել դատարան և բարոյական վնասի փոխհատուցում պահանջել:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031