2012թ. ընդդեմ ՀՀ-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով Հայաստանի կառավարության կողմից վճարվելիք 103 հազար եվրո գումարից 86 800-ը Եվրոդատարանը ճանաչել է որպես ոչ նյութական վնասների հատուցում: Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության փոխներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը, արդեն պետք է մտածել, որպեսզի Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրվեն ոչ նյութական վնասի հատուցման որոշակի մեխանիզմներ մարդու հիմնարար իրավունքների խախտման դեպքում:
«Մենք մտածում ենք և կարծում եմ, որ որոշակի ժամանակ անց կարող ենք լուծումներ գտնել նաև այդ հարցին»,- ասաց փոխնախարարը, պարզաբանելով, որ հատուցումը կարող է վերաբերվել ոչ միայն անօրինական դատապարտման, այլև անձին անօրինական կալանքի տակ պահելու դեպքերին: «Այդպես մենք կկարողանանք կանխել Եվրոպական դատարանի վճիռները»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի օրենսդրությունում ոչ նյութական վնասի կամ այլ խոսքերով ասած՝ բարոյական վնասի, հատուցման ինստիտուտը գործում է միայն զրպարտության ու վիրավորանքի դեպքերի համար:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն