Այս պահին «Արմավիա» ընկերության գրասենյակի դիմաց մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել եւ պահանջում են ավիաընկերությունից Հալեպ-Երեւան թռիչքի տոմսերի արժեքն իջեցնել: Վերջերս «Արմավիայի» տարածած այն հայտարարությանը, որ իրենք ամենեւին էլ տոմսերի գները չեն թանկացրել, դրանք միջնորդ կազմակերպությունների «ձեռքի գործն» է, ակտիվիստները հակառակ փաստարկը բերեցին: Aravot.am-ի հետ զրույցում ակտիվիստներից մեկը՝ Ապրես Զոհրաբյանը հայտարարեց, որ «Արմավիայի» վերոնշյալ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում. «Մենք հետաքրքրվել ենք եւ պարզել, որ նման բան չկա: Ոչ մի միջնորդ կազմակերպություն հավելյալ արժեք տոմսերի վրա չի դնում: Այդ ինչպե՞ս եղավ, որ սիրիական ավիաընկերություններում տոմսի արժեքը մոտ 140.000 դրամ է, իսկ «Արմավիայինը»՝ 200.000-ից ավելի»:
Ակտիվիստների շարքերում է նաեւ ՀՅԴ անդամ Նվարդ Մանասյանը, որը հայտարարեց. «Արմավիան» պետք է դադարի կոչվել ազգային փոխադրող, այն պետք է գործի որպես «Արմավիա»:
Ի դեպ, «Արմավիայի» ոչ մի պատասխանատու հարկ չհամարեց հանդիպել ակտիվիստներին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև