Լրահոս
Օրվա լրահոսը

Օրը գա, բարին՝ հետը

Հուլիս 25,2012 14:10

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց օլիմպիական հավաքականները երեկ Պոդոլսկում պետք է ավարտեին ամառային 30-րդ օլիմպիական խաղերի նախապատրաստության վերջին ստուգողական հավաքը եւ երեկոյան մեկնեին Լոնդոն: Այնտեղ նրանց պետք է միանար 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը, որն իր հոր եւ անձնական մարզիչ Հոկսեն Միրզոյանի ղեկավարությամբ անհատական ծրագրով մարզվում էր իր հարազատ Բաղրամյան գյուղում:

Պոդոլսկում մեր ուժեղագույն ծանրորդների մարզումներն անցել են լիարժեք եւ ծառայել նպատակին: Ոչ տղաների, ոչ էլ աղջիկների մեջ հիվանդացածներ կամ վնասվածք ստացածներ չկան ու բոլորն էլ օլիմպիական խաղերի մայրաքաղաք մեկնում են լավ մարզավիճակում: Մեր տեղեկություններով, բոլորն էլ մի քանի անգամ դոպինգ- ստուգում անցել են եւ այդ հարցում նույնպես ամեն ինչ նորմալ է:

«Առավոտը» նրանց մեկնելուց առաջ փորձեց պարզել, թե ծանրորդները մարզումների ժամանակ ի՞նչ կիլոգրամներ են բարձրացրել եւ դրանք որքանո՞վ են համապատասխանում հաղթելու կամ մեդալ նվաճելու այսօրվա չափանիշներին եւ, արդյոք, հնարավո՞ր է, որ Լոնդոնում իրենց ներկայիս լավագույն արդյունքներից ավելի բարձր ցուցանիշներ արձանագրվեն: Սակայն մարզիչներն ու մարզիկները նպատակահարմար գտան այդ թեմայի շուրջ առայժմ չխոսել՝ ասելով. «Օրը գա, բարին՝ հետը»:

Ընդհանրապես, հուլիսի 25-ին օլիմպիական մայրաքաղաքում արդեն պետք է հավաքվի մեր օլիմպիական մարզիկների մեծ մասը (ոմանք այնտեղ են արդեն մի քանի օր), բացի ըմբիշներից, որոնց մրցաշարը մեկնարկում է ավելի ուշ: Ու ինչպես ըմբշամարտի ֆեդերացիայում են վստահեցնում, նախորդ օլիմպիական խաղերի փորձը ցույց է տվել, որ ամենաօպտիմալ տարբերակը մեկնարկից մեկ-երկու օր առաջ մրցավայր ժամանելն է, մանավանդ որ՝ Անգլիայի աշխարհագրական դիրքը եւ ժամային գոտիների տարբերությունն այնքան էլ մեծ չեն, որպեսզի կլիմայափոխվելու եւ հարմարվելու անհրաժեշտություն լինի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031