Լրահոս
Օրվա լրահոսը

Գալյա Նովենցը ճանապարհ է Մարդուց դեպի Մարդը

Հուլիս 25,2012 14:00

Դերասանուհին՝ հեղինակի հետ:

Ում սիրում եմ, պարտական եմ նրան: Պարտական եմ քո տաղանդին ու կերպարներին, ովքեր չսիրեցին իրենց կյանքի խորը շերտերը անծանոթ ձեռքերի մեջ տեսնել, ովքեր ջնջեցին լավ դերասանի եւ լավ մարդու սահմանագիծը:

«Խոսիր ինձ հետ» հեղինակային ֆիլմաշարի իմ հերթական ֆիլմը նվիրված է Գալյա Նովենցին, նրա հետ վերջերս նկարահանումներ արեցինք Երեւանում: Հաջորդ օրը նա մեկնեց Միացյալ Նահանգներ՝ աշնանը Երեւան վերադառնալու եւ իրեն նվիրված ֆիլմը միասին դիտելու սպասումով: Թեեւ Գալյան չէր սիրում հարցազրույցներ տալ, սակայն այդ օրը կայացավ մի փոքրիկ զրույց՝ վերստին հավաստելով իր անցած ճանապարհի անվերջությունը, որովհետեւ Գալյան ճանապարհ է Մարդուց դեպի Մարդը:

– Հաճախ ենք ասում՝ պետք է միայն առաջ նայել, բայց մարդու ընթացքը պայմանավորված է այն հետագծով, որն անջնջելի հետք է թողնում ոչ միայն իր, այլեւ ուրիշների կյանքում: Դերասան Գալյա Նովենցը եւս գալիս է մանկությունից:

– Մանկությանս տարիներին մեր բակում թատրոն ունեինք: Ես խաղում էի բոլոր հերոսուհիների դերերը: Բոլոր «Ջան գյուլումների» հարսը ես էի: Այդ քաղցր հիշողությունները անկարող եմ մոռանալ: Երբ ավարտեցի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ կինոն էր ձգում: Այն ժամանակ կինոաստղերին նախանձով էի նայում, երազում էի նրանց նման պարեմ, երգեմ, խաղամ կինոյում…Բախտս բերեց՝ սկզբում Վարդան Աճեմյանի դասարանում էի սովորում, հետո՝ Արմեն Գուլակյանի: Իմ համակուրսեցին էր Արմեն Ջիգարխանյանը: Բախտ եմ ունեցել նրա հետ մի քանի դերեր խաղալ: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատում էի Ղափանի թատրոնում: Հետո՝ Երեւան, Գյումրի, Երեւանի դրամատիկական թատրոն, Սունդուկյանի եւ Համազգային թատրոններ, Պարոնյանի թատրոն:

– Տիկին Գալյա, քիչ առաջ ասացիք՝ բախտս բերեց, բախտ եմ ունեցել: Եթե նույնացնենք բախտն ու ճակատագիրը, կարո՞ղ ենք ասել՝ ճակատագրից չես փախչի:

– Փախչել-չփախչելը չգիտեմ, միայն գիտեմ, որ մարդն է գնում իր ճակատագրի ետեւից:

– Եղե՞լ են պահեր, երբ ափսոսանք եք զգացել ապրած ինչ-որ պահերի համար:

– Միշտ ոչ թե ափսոսացել եմ, այլ ցավ եմ զգացել, որ վախկոտ եմ: Վախենում եմ ոչ թե ինչ-որ երեւույթներից, մարդկանցից, այլ՝ բեմից… Ըստ երեւույթին դա փորձի պակասից էր: Վախենում էի խաղընկերոջս աչքերից: Հետո, երբ սկսեցի բավական հաճախ կինոյում նկարահանվել, այդ վախը ինչ-որ չափով կոտրվեց: Նրբություններ կան՝ վարպետության, փորձի պակաս, այդ ամենը գումարվում են եւ մարդն անկախ իրենից կոմպլեքսավորվում է: Երբ 1985թ. կինոյում ունեցա հայտնի հաջողությունը («Մեր մանկության տանգոն»), դրանից հետո իմ մեջ ինչ-որ բան փոխվեց: Այդ կերպարը ես շատ սիրեցի եւ շատ մեծ ցանկություն ունեի լավ խաղալ այդ դերը, իսկ դա պահանջում էր որոշակի կապանքներից ազատագրվել:

– Դուք բազմաթիվ կերպարներ, կանանց ընդգծված խառնվածքներ եք ներկայացրել բեմից ու էկրանից: Որքանո՞վ է այդ ամենը հետք թողել Ձեր կյանքում, նաեւ՝ հանդիսատեսի կյանքում:

– Թե իմ ստեղծած կերպարներն ի՞նչ ազդեցություն են թողել հանդիսատեսի, մասնավորապես՝ կանանց վրա կամ այդ կերպարներն ինձ ի՞նչ են տվել՝ դժվարանում եմ ասել: Մի կնոջ, օրինակ, չեմ կարողանում մոռանալ: Նա մեր փողոցում մոտեցավ, բարեւեց, ասաց՝ «Ուզում եմ Ձեր առաջ ծնկի գալ»… Շատ վատ զգացի, ասացի՝ այդպիսի բան չանե՜ք… Ես հասկացա, որ իմ կերպարները նրա կյանքում հետք են թողել:

– Ուզում եմ «Մեր մանկության տանգոյի» հերոսուհու հարցը տալ Ձեզ՝ էս աշխարհն ինչի՞ է էսպես ծուռ:

– Հայ կինը, երբ մայր է դառնում, զավակներ է ունենում, թոռներ, դադարում է իր կյանքով ապրել եւ դրանով իսկ դատապարտված է: Այդտեղից է սկսվում իմ եւ իմ հերոսուհիների աշխարհի ծուռ լինելը:

– Դերասանուհու կյանքում ի՞նչ նշանակություն ունեն խաղընկերները:

– Լավ ռեժիսորը, լավ խաղընկերը ստիպում են քեզ ձգտել կատարելության:

– Իսկ բեմադրիչ, ռեժիսոր եւ Ձեր ամուսին Երվանդ Ղազանչյա՞նը:

– Երբ ես ու Երվանդը Ղափանի թատրոնում էինք, հեշտ էր: Հետո նա նախընտրեց ռեժիսորությունը, եւ գործը փոքր-ինչ դժվարացավ: Իսկ, ընդհանրապես, իր ղեկավարած թատրոնում աշխատելը դյուրին չէր: Ինչ-որ խնդիր եթե լիներ՝ առաջին հարվածը ես էի ստանում: Թատրոնի շաբաթօրյակում առաջինը պիտի ես լինեի: Իրավունք չունեի ուշանալ, որեւէ ժողովից բացակայել: Սա կատակով եմ ասում: Երվանդն ինձ երբեք չի խանգարել:

– Իսկ Ձեզ քննադատե՞լ է:

– Իմ առաջին քննադատն է եղել: Ինչ հավանել է՝ ասել է, ինչը ոչ՝ նույնպես… Ես գոհ եմ:

Ես ինձ էկրանի վրա չեմ հավանում: Դրա համար չեմ ուզում նայել, որովհետեւ դրանից տրամադրությունս ընկնում է:

– Երբ մարդն այդքան խիստ է վերաբերվում իր աշխատանքին, վկայում է նրա պրոֆեսիոնալ լինելու, խորունկ ներաշխարհ ունենալու մասին:

– Այդ հատկանիշը նկատել եմ շատերի մոտ: Օրինակ, ինձ զարմացրել է Ֆրունզե Դովլաթյանը: «Բարեւ, ես եմ» ֆիլմի փորձնական օրինակը Մոսկվայից նոր էինք ստացել, էկրանի վրա պիտի նայեինք ու ձայնագրեինք: Ինքն ամբողջ օրն անտրամադիր էր, հետը խոսել չէր լինում: Դա, իմ կարծիքով, դերասանական հիվանդություն է, որը բնորոշ է մեծերին: Ես բախտ եմ ունեցել խաղալ մեծ դերասանական աստղաբույլի հետ՝ Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան… Բոլորի մոտ ինձ առաջին դասարանցու պես էի զգում… Բոլորն ինձ օգնում էին, նրանցից շատ բան էի սովորում, բայց եւ ինձ վախվորված էի զգում, ախր շա՜տ տաղանդավոր էին…

ՌԻՏԱ ՇԱՌՈՅԱՆ

Հ. Գ. Ես, Գալյա Նովենցի համեստությունից վախվորած, միայն մտքումս ասացի՝ ախր շատ տաղանդավոր եք, բնական ու բնականոն մի մարդ, հայ կնոջ, մոր ու մեծ մայրիկի իմաստուն կերպար եւ երանի՜ նրանց, ում կյանքը զարդարել ու նաեւ դժվարացրել է նովենցյան չխամրող հետագիծը՝ «Էս աշխարհն ինչի՞ է էսպես ծուռ» անպատասխան հարցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031