Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանների նախագահների լիազորությունները կսահմանափակվեն

Հուլիս 25,2012 13:52

Երեկ Հայաստանի արդարադատության նախարարության կողմից ներկայացվեց ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը:

Ծրագրի առանձին դրույթների մասին խոսեցին նախարար Հրայր Թովմասյանը, նրա առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, տեղակալներ Ռուբեն Մելիքյանը, Արամ Օրբելյանը եւ նախարարի օգնական Նորա Սարգսյանը:

«Այս ծրագրի պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է»,- ասաց նախարար Հրայր Թովմասյանը, որն ակնկալում է շոշափելի արդյունքներ տեսնել ծրագրի իրականացման 4 տարիների ընթացքում:

Նկատենք, որ ծրագրի հենքերից մեկը դատական համակարգում հնարավոր զարգացումներն են՝ փոփոխությունները, որոնց մասին հանրությունը դեռ իրազեկված չի, քանի որ հանրային լսումներ այս կապակցությամբ դեռ տեղի չեն ունեցել:

Ըստ այս ծրագրի, նախատեսվում է դատավորների առավելագույն մասնակցությունը սեփական ինքնակառավարմանը եւ նախատեսվում են նույն դատավորի կողմից, բացի ընդհանուր ժողովից, միաժամանակ ինքնակառավարման մի քանի այլ մարմիններում ընդգրկված լինելու ողջամիտ սահմանափակումներ:

Կսահմանափակվի առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահների պաշտոնավարման ժամկետը, նաեւ՝ դատարանների նախագահների լիազորությունները:

Այս ծրագրի համաձայն, կարգապահական վարույթ հանդիսացող սուբյեկտ են համարվելու արդարադատության նախարարն ու կարգապահական-էթիկայի հանձնաժողովը, իսկ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի եւ պալատի նախագահի համար վարույթ կհարուցի վճռաբեկ դատարանի նախագահը:

Ի դեպ, քննարկման փուլում է դեռ արդարադատության խորհրդի նիստերի դռնբացության հարցը:

Ծրագրի հեղինակները նախատեսում են ապահովել գործերի օբյեկտիվ (պատահական) բաշխումը բոլոր դատարաններում: Ի դեպ, դատական դեպարտամենտի ներկայացուցիչ տիկին Կարապետյանն այս առումով հարցրեց, թե, արդյոք, կավելացվի՞ դատավորների թիվը, որովհետեւ կան դատարաններ, որտեղ դատավորները գերծանրաբեռնված են: Նա անգամ նշեց, որ կան դատավորներ, որոնք տարեկան լսել են 600 եւ ավելի գործեր:

ՀՀ նախարարի օգնական Նորա Սարգսյանը խոսեց դատական իշխանության կողմից իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման համակարգի եւ այս առումով միջազգային փորձի ուսումնասիրման մասին: Հաշվետվություններում տեղ կգտնեն դատարանում առկա գործերի քանակը, դատական կայացրած ակտերը, դատարարանի ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկատվությունը:

Մինչեւ 2013թ. մայիսը կմշակվի համապատասխան օրենսդրության նախագիծ:

Այս ծրագրում տեղ է գտել նաեւ փաստաբանական համակարգի բարեփուխումների ապահովմանը ուղղված միջոցառումների ծրագիրը:

Այս առումով կհստակեցվի անվճար իրավաբանական օգնության շրջանակը, կուսումնասիրվեն հանրային պաշտպանի գրասենյակի ֆիզիկական մատչելիության ապահովման խնդիրները, ներառյալ՝ պետական շինություններ հատկացնելու հնարավորությունը:

ԱՆ տեղակալ Գրիգոր Մուրադյանը չբացառեց անգամ այլընտրանքային միջոցների փնտրտուքը, անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար չբացառեց որպես այլընտրանք՝ գրանտային միջոցների օգտագործումը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031