Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսի լարը պոկել են, դուռը կողպել՝ զրկելով հաշմանդամ երեխաներին պարապմունքներից

Հուլիս 25,2012 13:49

Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի ղեկավարությունն իր մասով այսպես է վավերացնում հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան:

Այս հաշմանդամ երեխաներն այսօր զրկված են իրենց պարապմունքներից:

 

Փոքրիկ Ռազմիկը մեկ շաբաթ է՝ չի կարողանում այցելել պարապմունքների:

Ռազմիկը բավականին ծանր է տարել, երբ մոր ձեռքը բռնած հաճախել է Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի շենք եւ տեսել, որ հաշմանդամ երեխաներին հատկացված սենյակի դուռը կողպած է: Շենքի տնօրինությունը հաշվի չառնելով, որ այդտեղ մոտ 60 հաշմանդամ երեխա է հաճախում եւ նրանց հետ լոգոպեդի, հոգեբանի ու հատուկ մանկավարժի աշխատանքներն ընդհատելը երեխաների համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, սենյակը հոսանքազրկել է ու դուռը կողպել, ինչ է թե՝ տարածքում գործունեություն ծավալելու՝ պայմանագրով նախատեսված 1 տարի ժամկետն ավարտվել է: Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելած հաշմանդամ երեխաների ծնողները, հատուկ կարիքներով երեխաների խնդիրներով զբաղվող «Էմանուել» հ/կ-ի տնօրենն ու կազմակերպության մասնագետները վիրավորված պատմեցին, թե ինչպես են ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյանի ենթակաները պարապմունքի ժամին «ներխուժել» սենյակ եւ աուտիզմով, շիզոֆրենիայով հիվանդ երեխաների ու ծնողների ներկայությամբ բղավել, գոռգոռացել՝ պահանջելով իրերը հավաքել ու տարածքն ազատել:

«Ես այդ ժամանակ աշխատում էի շիզոֆրենիա ունեցող մի երեխայի հետ, եւ երեխան տեսնելով այդ տեսարանը՝ սկսեց դողդողալ, ծնողը վախից ստիպված երեխային արագ դուրս հանեց, որպեսզի երեխայի նոպան չսկսվի: Տնօրենի քարտուղարուհին՝ Նատալյան, քաշեց, հեռախոսի լարը պոկեց, վերցրեց ակնոցս շպրտի՝ ձեռքից մի կերպ վերցրի, սեղանը քաշքշեց՝ պահանջելով դուրս գալ, տարածքն ազատել»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Ալվարդը, որն իր ամառային արձակուրդների հաշվին կամավոր սկզբունքներով, որպես լոգոպեդ, աջակցություն է ցուցաբերում կազմակերպության հաշմանդամ երեխաներին:

Ռազմիկի մոր՝ Լուսինե Ստեփանյանի խոսքերով էլ. «Մենք դրսում մերժված ենք, եւ սա միակ տեղն էր, որ մեր ու մեր երեխաների մասին հոգ էին տանում: Մենք ընդամենը 2 ամիս է՝ հաճախում ենք այդ կենտրոն, եւ երեխայի մոտ արդեն փայլուն արդյունքներ կան: Այն, ինչ անում են՝ բուժական կրթություն է: Հոգեբանները ծնողների հետ էլ են աշխատում, որպեսզի հեշտ հաղթահարենք մեր ցավը: Երեխաներին պատրաստում են ներառական կրթության: Այսպե՞ս ենք ինտեգրվում Եվրախորհուրդ, այսպե՞ս ենք հարգում հաշմանդամների իրավունքները: Ռազմիկը, որը մինչ այդ պարփակված էր, բակում ընկերներ չուներ, ագրեսիվ էր, քնած տեղից վեր էր թռչում ու սկսում բղավել, լաց լինել, հիմա բավականին լավ վիճակում է, ունի ընկերներ, ագրեսիան վերացել է, խմբակների է մասնակցում, ձեռքի աշխատանքներ պատրաստում: Այս տարի Ռազմիկը դպրոց է հաճախելու, եւ քանի որ կենտրոն չենք կարողանում հաճախել, որպեսզի բուժումը չընդհատվի, մասնագետները ստիպված հեռախոսով են նրա հետ զբաղվում: Իսկ պետական կառույցները ոչ միայն ոչ մի բանով չեն օգնում, դեռ մի բան էլ խոչընդոտում են»:

Նկատենք, որ Շենգավիթ վարչական շրջանը սոցիալապես ամենախոցելի համայնքն է, որտեղ հաշվառված են 317 հաշմանդամ երեխաներ: «Էմանուել» հ/կ-ի տնօրեն Մանվել Գասպարյանի խոսքերով՝ իրենց կենտրոն են հաճախում աուտիզմով հիվանդ, մանկական ուղեղային կաթված ու մտավոր հետամնացություն ունեցող մինչեւ 18 տարեկան շենգավիթցի երեխաներ:

Մեզ հետ զրույցում Մ. Գասպարյանը պատմեց, որ անցյալ տարի դիմել է Շենգավիթի թաղապետարան իրենց կազմակերպությանը տարածք տրամադրելու խնդրանքով: Նրան տարածք հատկացրել են Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնում, սակայն՝ ժամանակավոր: Մ. Գասպարյանի խոսքերով. «Կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը սկզբում իր ընդունարանը տրամադրեց, հետո նոյեմբեր ամսին մեկ ուրիշ սենյակ տվեց՝ ասելով, որ 3-ն էլ կավելացնի, քանի որ մեր հարցը քաղաքապետարանում էր, սակայն գիտակցաբար այնքան ձգձգեց, մինչեւ ժամկետը լրացավ, ու մեզ ուղղակի վտարեցին: Այդ 1 սենյակն էլ, որ տվել էին, գտնվում էր 1-ին հարկում եւ անմխիթար վիճակում էր՝ ջուր չկար, զուգարանները՝ կեղտոտ ու վնասված. մեր գլխի տակ փափուկ բարձ էր դնում, թե՝ 4 սենյակ է մեզ հատկացնելու: Դեկտեմբերին հետին թվով հուլիս ամսվա համար պայմանագիր կնքեց 1 տարվա կտրվածքով: Այդ ընթացքում, երբ մեզ անորոշ վիճակի մեջ էր պահում, մեր շատ ծրագրեր Նարե Արամյանի պատճառով խափանվեցին: Դիմեցինք ՀՀ նախագահին, նախագահականից ասացին, որ մեր հարցով պետք է զբաղվի քաղաքապետարանը: Սպորտի, կրթության, մշակույթի բաժնի պետ Ռոբերտ Թեմուրյանը եկավ կենտրոն, սակայն նույնիսկ չբարեհաճեց այցելել մեր սենյակ, տեսնել՝ ինչ գործ ենք անում, միայն հարցրեց, թե որքան տարածք ենք ցանկանում, ասացի՝ 4 սենյակ, որպեսզի կարողանանք նորմալ աշխատել երեխաների հետ, եւ եթե այդ կենտրոնում հարմար չէ, գոնե մեկ այլ տարածքում տրամադրեն, բայց այս անգամ 1000 քմ, որպեսզի ողջ հանրապետության հաշմանդամ երեխաներին կարողանանք օգնել, սակայն սա օգտագործեցին մեր դեմ ու քաղաքապետին ապակողմնորոշելով՝ սարքեցին այնպես, թե ես ստեղծագործական կենտրոնից եմ 1000 քմ խնդրում: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեզ գրավոր պատասխանեց, թե կենտրոնն այդքան տարածք չունի, ու դրանով հարցը փակեցին, անգամ այն 4 սենյակի հարցը մեջտեղից հանեցին»:

Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը «Առավոտի» հետ զրույցում իրենց ուղղված մեղադրանքներին այսպես արձագանքեց. «Խնդիրն առաջացել է անձամբ իմ մեծահոգության շնորհիվ, որովհետեւ, եթե ես այդքան մեծահոգի չլինեի, բնականաբար, իրենք որեւէ տեղ չէին ունենա, դա եղել է անձամբ իմ առաջարկը, որպեսզի ինչ-որ տեղ հնարավոր լինի իրենց օգնել գործունեություն ծավալել: Իմ կամքով պայմանագիր եմ կնքել՝ տրամադրել գույք, տարածք, ջուր, գազ, ջեռուցում: Պայմանագիրը 1 տարի ժամկետով էր, եւ ժամկետը լրացել է: Ի՞նչ է, այդ կազմակերպությունը փորձում է համայնքի կամ վարչական շրջանի հաշվի՞ն կայանալ: Դա ամենեւին մեր խնդրի մեջ չի մտնում, թող դիմի առողջապահության նախարարություն կամ կառավարություն, քանի որ հիմնարկը վերականգնողական կենտրոն է: Դա ոչ մի կերպ չի վերաբերում մեր պատանեկության ստեղծագործական կենտրոնին: Հատկապես՝ մեկ սենյակում որեւէ արդյունավետ գործունեություն ծավալելն ուղղակի անհնար է. եթե նա 1 սենյակում արդյունավետ գործունեություն է ծավալում, ուրեմն իր գործունեությունն ինքնին կասկածի տակ է»:

Մեր հարցին՝ ի՞նչ է, ստեղծագործական կենտրոնը ձեր սեփականությո՞ւնն է, որ ձեր մեծահոգության շնորհիվ են այդ հաշմանդամ երեխաներն այդ մեկ տարին էլ տարածք ունեցել, տիկին Արամյանն ասաց. «Քաղաքապետի որոշում չի եղել: Կա որոշում, ըստ որի՝ այդպիսի կենտրոնների տարածքները որեւէ մեկին, բացի կենտրոնի շահագործումից, տրամադրումն ուղղակի արգելված է հունվար ամսից, այսինքն՝ ինքնին մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները, մշակույթի կենտրոնները բոլոր, այն հաստատությունների տարածքները, որոնք գտնվում են քաղաքապետարանի վերահսկողության տակ, այլեւս վարձակալության չպետք է տրվեն»:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե հնարավոր չէ՞ր ավելի քաղաքակիրթ տարբերակով հարցը լուծել, եւ հ/կ-ին՝ սեփական ուժերով վտարելու փոխարեն դատական ատյաններ դիմեին կամ սպասեին՝ մինչեւ որ նրանց համար հարմար տարածք կգտնվեր, հատկապես, որ գործ ունեին հաշմանդամ երեխաների հետ, տիկին Արամյանը նկատեց. «Այդպիսի տարածք ֆիզիկապես չկա մեր կենտրոնում: Իմ բարձրագույն 3 կրթությունները, այդ թվում եւ՝ իրավապաշտպանական, լիովին ներում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միանգամայն արդարամիտ դատողություններ անելու. նախ՝ այդ ամենն այդպես չի եղել, նա իմացել է, չէ՞, որ պայմանագիրը սպառվում է, եւ իրենք թող փորձեին իրենց հովանավոր կազմակերպությունների միջոցով այլ գրասենյակ գտնել: Մայիսի 25-ին կանչել եմ նրան ու ասել, որ ձեր պայմանագիրը սպառվում է: Ես ոչ միայն իրավական քայլեր եմ արել, այլեւ արդարամիտ, ինչը չես ասի նրա ոչ ադեկվատ պահվածքի մասին: Խնդիրն այն է, որ եթե մեր հասարակական կազմակերպությունների վիճակն այն պետք է լինի, որ նրանք փորձեն ինքնահաստատվել 1 սենյակում եւ դրոշակ դարձնեն հաշմանդամ երեխաներին, ապա պետությունը պարտավոր է հոգ տանել այդ 60 հաշմանդամ երեխայի մասին ու ոչ թե ոչ կոմպետենտ հասարակական կազմակերպությունները»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Որեւէ երկիր չի կարող քաղաքացիական համարվել, եթե այնտեղ չեն հարգվում հաշմանդամ մարդկանց իրավունքները, եւ նրանց համար չկան պայմաններ:

2010 թվականի հոկտեմբերի 20-ից մեր երկրում ուժի մեջ է մտել հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան: Դրանով մեր պետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալապես ներառել հասարակություն, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ: Սակայն միայն մեկ օրինակով կարելի է ցույց տալ, թե իրականում ինչպիսի վերաբերմունքի են արժանանում ու ինչ խնդիրների են բախվում հաշմանդամները մեր առօրյա կյանքում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031