Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համեմատություններ

Հուլիս 25,2012 13:40

Հաճախ ծանոթ եւ անծանոթ մարդիկ, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ համեմատություններ են անում մեր երկրի եւ Վրաստանի միջեւ. շատերի կարծիքով՝ հարեւանները բազմաթիվ հարցերում մեզնից առաջ են: Չգիտեմ, գուցե բիզնես մթնոլորտի կամ ինվեստիցիոն գրավչության տեսանկյունից դա այդպես է՝ նման բաներ հասկանալու համար անհրաժեշտ են մասնագիտական ուսումնասիրություններ: Բայց սովորաբար համեմատություններն արվում են ավելի պարզ, կենցաղային մակարդակով: Օրինակ՝ «գաիշնիկների» պահվածքի վերաբերյալ: Իսկապես, Վրաստանի մայրուղիներում չկան «թփերի տակ պախկված» եւ «որսի դուրս երած» ճանապարհային ոստիկաններ: Բայց նման ոստիկաններ այսօր չկան նաեւ հայաստանյան ճանապարհներին՝ մենք, համենայնդեպս, այդպիսիններին չհանդիպեցինք: Ասում են նաեւ, թե հայ մաքսավորները «քրքրում են» սահմանն անցնողներին, իսկ վրացիները՝ ոչ: Վկայում եմ, որ նման բան չկա. Բագրատաշենի անցակետում մեր կողմից սահմանն անցնելը տեւեց 10 րոպե, իսկ վրացական կողմից՝ 5 րոպե, որովհետեւ առաջին դեպքում ուղեւորները պետք է դուրս գան մեքենայից, իսկ երկրորդ դեպքում՝ ոչ: Ցանկալի կլիներ, իհարկե, որ մերոնք էլ այդպես կազմակերպեին, որ անհրաժեշտություն չլիներ լքել մեքենան: Բացի այդ՝ հայկական կողմից մինչեւ անցակետը մայրուղին վերանորոգվում է, իսկ շրջանցիկ ճանապարհը փոշոտ է եւ քարքարոտ: Դա էլ է մեր «մինուսը»:

Բայց իմ համար քաղաքակրթության «թեստը» ճանապարհային երթեւեկությունն է: Եվ այդ առումով չեմ կարող ասել, որ Թբիլիսիում վարորդներն ու հետիոտնը ավելի «եվրոպամետ» են, քան Երեւանում: Հակառակը՝ քաղաքում 60-70 կմ/ժամ «պաշտոնական» արագության պայմաններում նրանք քշում են 100-ի վրա, եւ մի բան էլ հետեւիցդ «ջղայնացած» ազդանշաններ են տալիս՝ հավանաբար, դժգոհելով, որ դու օրենքով ես շարժվում: Հայաստանի մայրաքաղաքում այդպես է քշում վարորդների մոտ 20 տոկոսը, Թբիլիսիում՝ գրեթե բոլորը: Բացի այդ, այստեղ մեքենայի «թարթիչ» միացնելու եւ հետիոտներին զիջելու «ինստիտուտը» գրեթե բացակայում է: Այնպես որ՝ ասել, թե հոգեբանական առումով մենք՝ հայերս, խարխափում ենք քաղաքակրթական միջնադարում, իսկ վրացիներն արդեն միացել են լուսավոր Եվրոպային, մեծ չափազանցություն կլիներ:

Հին քաղաքը Թբիլիսիի կենտրոնական մասում, իհարկե, տպավորիչ է: Փառք ու պատիվ մեր հարեւաններին, որ նրանք, ի տարբերություն մեզ՝ կարողացել են պահպանել հին քաղաքի համն ու հոտը, եւ դա շատ ավելի գրավիչ է զբոսաշրջիկների համար, քան, ասենք, մեր Հյուսիսային պողոտան: Եթե Թբիլիսիի այդ հատվածում շինարարություն է կատարվում, ապա բացառապես 19-րդ դարի շինությունների իմիտացիայի ոգով: Այդ հսկայական առավելության հետ մեկտեղ կա նաեւ թերություն՝ աղբի, մուրացկանների եւ բոմժատիպ կերպարների առատությունը: Ընդհանրապես, զուտ մակերեսային տպավորությամբ՝ ժողովրդի սոցիալական վիճակը մեր երկու երկրներում մոտավորապես նույնն է:

…Երբ ճանապարհ էինք հարցնում վրացիներից, նրանք սովորաբար ասում էին՝ «վսյո վռեմյա պռյամո»: Երբ նույն հարցով դիմեցինք հայ «ստայանչիկին», նա սկսեց բացատրել՝ «սկզբից ձախ, հետո էլի ձախ, հետո աջ…»: Մենթալիտետների տարբերություն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031