Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀԱԿ երիտթեւ. «ՀԱԿ-ի եւ ՀՀՇ-ի վախը վաղուց է բռնված»

Հուլիս 25,2012 13:29

 «Մենք կարծում ենք, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի: Այս ապօրինի դատավճիռն ընդամենը ցույց է տալիս, որ իշխանությունները վախեցած են այն աստիճան, որ դեռ նախագահական ընտրությունների գործընթացը չմեկնարկած՝ հաշվեհարդար են սկսել երիտասարդների հանդեպ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀԿ լրատվության եւ հասարակայնության հարցերի պատասխանատու Արման Գալոյանը՝ անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների դատապարտմանը: Հիշեցնենք, որ  հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման դատապարտեց ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամներ Տիգրան Առաքելյանին ու Սարգիս Գեւորգյանին,  Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին:

Գալոյանը հայտարարեց, որ պետք է հիասթափեցնի իշխանություններին, քանի որ. «ՀԱԿ-ի եւ ՀՀՇ-ի վախը վաղուց է բռնված: Մենք որեւէ մեկից չենք վախենում: Ընդհակառակը, նման մեթոդներով նրանք ստիպում են ավելի ու ավելի կոշտացնել պայքարը»: Արման Գալոյանի կարծիքով, Վահե Ավետյանի սպանությունից հետո, երբ իշխանությունները տեսան, թե ինչ հասարակական շարժում է ծավալվում եւ ինչպես են մարդիկ իրենց բողոքի ձայնը բարձրացնում վարչախմբի անօրինական գործողությունների հանդեպ, այս կերպ որոշեցին «մեսիջ հղել հասարակությանը»: Բանախոսը նաեւ փաստեց, որ այս հարցն իրենք անուշադրության չեն մատնելու, հնչեցնելու են նաեւ միջազգային ասպարեզում. «Քաղբանտարկյալների վերաբերյալ արդեն դիմումներ ուղարկվել են Եվրոպայի լիբերալների եւ ժողովրդավարական կուսակցությանը, Եվրոպայի երիտասարդ լիբերալների կազմակերպությանը եւ միջազգային երիտասարդական ասոցիացիային»:

ՀՀՇ երիտթեւի գործադիր խորհրդի անդամ Արշակ Մուսախանյանն էլ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ այլ կուսակցությունների, հատկապես իշխանական կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչների հետ ՀԱԿ ակտիվիստներին ձերբակալելու առիթով հանդիպումներ, շփումներ քննարկումներ չեն եղել եւ չեն կարող ասել՝ նրանք իրենց կմիանա՞ն, թե՝ ոչ: Բայց այօր իրենք, փաստորեն, կոչով դիմում են բոլոր երիտթեւերի ներկայացուցիչներին՝ անտարբեր չմնալ երիտասարդների դեմ կիրառվող ապօրինի գործողություններին: Սակայն անձնական կապերի եւ հարաբերությունների միջոցով չեն ցանկանում դա անել, այլ ակնկալում են, որ հայտարարությամբ կարտահայտեն իրենց դիրքորոշումը:

Արման Գալոյանն էլ հավելեց, որ ընդդիմադիր տարբեր կուսակցությունների, այդ թվում՝ նաեւ ԲՀԿ-ի երիտթեւի ներկայացուցիչները մամուլում պատրաստակամություն հայտնել են համատեղ պայքարելու առիթով: ՀՀՇ երիտթեւի մեկ այլ ներկայացուցիչ՝ Եվա Թովմասյանն էլ հավելեց, որ իրենք սոցցանցերով տեղեկացնում են բոլորին՝ կազմակերպվող ակցիաների մասին եւ նախօրեին, դատախազության առջեւ կազմակերպված ակցիային, տարբեր կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչներ ներկա են եղել:

Ի պաշտպանություն կալանավորված երիտասարդների՝ առաջիկայում նախատեսված են մի շարք բողոքի ակցիաներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031