«Եվրամիության կողմից մշակվում է խոշոր ծրագիր, որը կբարձրացնի մտավոր իրավունքի պաշտպանումը»,- այսօր «Ելակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Ըստ նրա, մեր տարածքում երգիչների հեղինակային իրավունքների խախտումները շատ են: Խախտվում են թե երգիչների, թե երգահանների իրավունքները: Խախտվում են նաեւ եթեր հեռարձակվող հաղորդումների իրավունքները: Ներսիսյանի խոսքով, եղել է նաեւ դեպք, երբ իր խոսքերն են վերցրել: «Բոլորիս նպատակն է գործի դնել իրավական ազդեցությունը: Խոսում ենք իրավունքի մասին, եւ գիտենք, որ այստեղ մեծ դեր է կատարում իրավական մարմինը: Երգի գողությունը տան գողությունից ավելի թանկ է: Դա ազդում է նաեւ երկրի վարկանիշի վրա: Իմ ասած ծրագրի առաջին նպատակը հենց դա է: Այդ ընթացքում նախատեսված են տարբեր քննարկումներ, միջոցառումներ»,- ասում է «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրենը:
Երգիչների եւ երգահանների հեղինակային իրավունքները խախտվում են համացանցում, համերգի ժամանակ. Ներսիսյանի կարծիքն է: Նա կոչ է անում ակտիվացնել իրավատերերին եւ մեծացնել դատարանի դերը: Իր գնահատականով, դաշտի այդ վիճակն այսօր ավելի լավ է, քան որոշ ժամանակ առաջ: Հուսով է` գնալով կլավանա:
Իրավաբան Ստեփան Խզրթյանը նույնպես համաձայն է Ներսիսյանի հետ: Ըստ նրա, մեր օրենսդիր դաշտը այսօր բավականին կայացած է. «Կան կայքեր, որոնք տալիս են որակյալ երաժշտություն, սակայն մինչ այդ, օգտատերերը պետք է դիտեն գովազդ, իսկ դրա ստացված հասույթից հոնորար է ստանում նաեւ երգիչը: Պետք է մեզ մոտ էլ մտցնել դա»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արման Աթոյանի խոսքով՝ պետք է հասկանալ մի բան, որ խաղի կանոնները փոխվել են ամբողջ աշխարհում, ու այս խնդիրը կա ամեն երկրում:
«Հենց կատարողներն են դաշտը տեղափոխել համացանց: Մեզ նույնպես պետք են նորարար ձեւերը: Դիսկ վաճառելը գնալով հնանում է»,- նշեց Աթոյանը:
Այդ կարծիքին է նաեւ երգահան ՀՏ. Հայկոն եւ համոզված է` ձայնասկավառակի վաճառքի մասին խոսք գնալ չի կարող. «Կան կայքեր, որոնք անվճար են տալիս հնարավորություն ներբեռնելու: Մեզ մոտ չկա գումարով երգ գնելու շնորհքը: Մեզ մոտ այն շուկան չէ, որ երգիչները ունենան մարդիկ, ովքեր կզբաղվեն խնդրով: Ամեն ինչ ընկած է երգչի ուսերին»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ