Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության ցուցակների ճշգրտման, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597–Ն որոշմամբ հաստատված կարգի 111-րդ կետով նախատեսված լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփման, ինչպես նաև քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ հետ կապված հարցեր: Օրակարգի հարցերը ներկայացրել և համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռ. Սուքիասյանը: Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին` Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության առաջին փուլի ցուցակների ճշգրտման հետ կապված հարցեր: Համաձայն օրակարգի երկրորդ հարցի` վարչության պետը տեղեկացրել է, որ լրացուցիչ փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել առաջին փուլից դուրս մնացած շուրջ 1200 դիմորդից ավելի քան 700-ը, որոնցից բուհ չի ընդունվել միայն 51 դիմորդ: Լրացուցիչ փուլում բարձր մրցույթ է արձանագրվել ԵՊՀ “Եկեղեցաբանություն” և ՀՊՄՀ “Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ” մասնագիտությունների գծով: Անդրադառնալով օրակարգի երրորդ հարցին` Ռ. Սուքիասյանը ներկայացրել է քաղաքացիներից ստացված դիմումները, որի արդյունքում հանձնաժողովը, գործող օրենսդրության շրջանակում, քվերկությամբ որոշել է բավարարել և կամ մերժել դիմումատուներին:
Լրացուցիչ փուլի արդյունքները հայտնի կդառնան արդեն այսօր:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն