Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր Ծաղկաձորը չեղավ-չեղավ էդ Քոբուլեթիի չափ չեղա՞վ»

Հուլիս 25,2012 12:54

Ծաղկաձորի երբեմնի թանկարժեք հյուրանոցներն ու քոթեջներն այսօր «զեղչով» են աշխատում։ Քոթեջներից մեկի տնտեսվար Վեհանուշ Ավագյանի խոսքով՝ բոլոր հարմարություններով ապահովված քոթեջում մեկօրյա հանգիստն արժե 15000 դրամ, իսկ հարեւան հյուրանոցում՝ 10-12 հազար։ «Առաջ մարդկանց տեղ ու դադար չկար, նախօրոք տեղ էին պահում։ Էսօր շատ քչերն են գալիս հանգստանալու, հանգստացողները հիմնականում մարզիկներ են։ Մանկական ճամբարներն էլ պակասել են։ Քաղաքը մի տեսակ դատարկվել ա։ Մեր քաղաքն առաջվա նման մարդաշատ չի»:

Ծաղկաձորի քաղաքապետարանը կարծես թե ամեն ինչ անում է քաղաքը մաքուր ու գեղեցիկ պահելու համար, սակայն ջրավազանով ու շատրվաններով ձեւավորված, ծաղկազարդ քաղաքային զբոսայգում երեկոյան քչերին կարելի է հանդիպել, փողոցներում էլ քչերին կհանդիպես։ Ծաղկաձորցին դա բացատրում է աշխատատեղերի բացակայությամբ: «Տուրիստն իրա տեղն ունի, համա քաղաքին շունչ տվողն իրա բնակիչն ա: Քաղաքում աշխատատեղ չկա, առաջ ամեն տեղ շինարարություն էր, կողքի գյուղերից, անգամ Երեւանից էին գալիս աշխատելու, իսկ էս երկու տարի կլինի, որ շինարարությունը դադարել ա, մնում ա օբյեկտներում պահակություն անել, բայց, դե, 40-50 հազար դրամ աշխատավարձով աշխատե՞լ կլինի։ Սեզոնին հյուրանոցներում ու ճամբարներում պահակություն անելով՝ հազիվ 60 հազար ստանաս, բա մյուս ամիսների՞ն»,-դժգոհում է Ռաֆիկ Սարգսյանը։

Կյանքից ու ապրուստից դժգոհում է նաեւ 1947 թվականից Ծաղկաձոր հարս եկած Կիմա մայրիկը։ «Մարդկությունը վերացել ա, ամեն մարդ իրա համար ա ապրում, կողքինի մասին չի մտածում։ Բա առաջ էդպես է՞ր։ Չես իմանում՝ ով ա մեղավոր: Ապրուստը թանկացել ա, էսօր շատ քչերն են տունը վարձով տալիս, ուզող չկա, Հայաստանից դուրս են հանգստանում։ Ինչի՞, մեր Ծաղկաձորը չեղավ-չեղավ, էդ Քոբուլեթիի չափ չեղա՞վ»:

Բնակչության «քչությունից» դժգոհ են նաեւ տաքսու վարորդները, որոնք հանգստյան տների մոտ շարված տաքսիների մեջ օրվա մեծ մասն անցկացնում են «ճանճ քշելով»: Կեչառիս վանական համալիրից աջ՝ ձորի հակառակ ափին, «Հայռուսզազարդ» ՓԲԸ-ի հանգստյան ավանի շենքերի ու մի քանի խոշոր կառույցների դադարեցված շինարարությունը գեղատեսիլ բնությամբ քաղաքի ֆոնի վրա «բիբը կորցրած աչքի է նման»: Բայց, դե, ծաղկաձորցին սիրում է իր քաղաքը. «Լավ օրեր տեսել ենք, էսպես հո չի՞ մնա, էլի կգան լավ օրեր, որ տուրիստների դարդից ասեղ քցելու տեղ չի լինի։ Ամա, թող մեր դարդը էդ լինի»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031