Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալային ասուլիս. Բացահայտվում է Վանո Սիրադեղյանի ՀՀ-ից հեռանալու առեղծվածը

Հուլիս 25,2012 12:40

«Այսօր առաջին անգամ հայտարարում եմ, որ Վանո Սիրադեղյանին ես ինքս էլ ճանապարհել եմ Հայաստանից»,- այսօր «Զարկերակ» ակումբում հայտարարեց Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը: Ասուլիսի սկզբում նա խնդրեց ՀԱԿ-ից իրեն հարցեր չտալ՝ ասելով, որ Դավիթ Շահնազարյանի մեկնաբանությունից հետո խոսել ՀԱԿ-ի մասին՝ նշանակում է խոսել, թե ինչպիսի թռչող ափսեներ են մեկ տարի հետո լինելու Հայաստանում:

Սուրեն Սիրունյանն ասաց, որ ինքը չի անդամագրվել եւ չի էլ անդամագրվելու «Ելք» շարժմանը, որովհետեւ նրա գնալուց հետո իր ընկերների հետ միշտ էլ պայքարել է, որ վերադառնա Վանո Սիրադեղյանը. «Այսօր շատ ճանաչված մարդիկ են միացել այդ շարժմանը, որոնք ունեն տարբեր կարծիքներ, ուրախ եմ, որ գտնում են, որ ինչ-որ բան այս երկրում պակաս է, եւ այդ պակասը պետք է լրացնի Վանո Սիրադեղյանը: Արդեն 12 տարի է՝ ինչ Վանո Սիրադեղյանը ապրիլի 3-ին հեռացավ Հայաստանից: Տարբեր վարկածներ են եղել, թե իշխանությունները նպաստեցին, որ Վանոն հեռանա: Վանոն մասնակցել է դատական պրոցեսներին. ինքը գտնում է, որ չունի այդ խնդիրը՝ դատարանի առաջ ապացուցելու իր անմեղությունը»:

Պարոն Սիրունյանը պատմեց մանրամասները, թե երբ է Վանո Սիրադեղյանը հեռացել Հայաստանից ու ինչ հանգամանքներում. «Ամսի 3-ին եւ 4-ին կեսգիշերին դեռ նստած էր ՀՀՇ-ի շենքի առջեւ, ոչ ոք չի իմացել, որ հաջորդ օրը Վանոն այս երկրում չի լինելու: Ինչպես կարգն է, մենք Վանոյին ուղեկցեցինք երկու մեքենայով դեպի տուն: Մինչ այդ նա ասաց, որ ուզում եմ անձնական մեքենայով մտնել տուն՝ երկրորդ մեքենան չմտնի բակ: Այդ պահին ինձ համար տարօրինակ էր, բայց հետո սկսեցի հասկանալ: Վանո Սիրադեղյանի կողքին եղել եմ 95-ից, Վանոն էն մարդը չէր, որին չկարողանայի հասկանալ: Թիկնազորի տղաները բակում սպասում էին մեզ: Ես ազդանշան տվեցի տղաներին, որ գնում եմ, հասկացան, որ Սիրադեղյանը տանն է, երկուսով բակից դուրս եկան: Այդ ժամանակ ամբողջությամբ վերահսկվում էր Վանո Սիրադեղյանի՝ Մյասնիկյան պողոտայում գտնվող բնակարանը, որը տեսանելի էր: Կարող էիր նայել շրջապատդ ու տեսնել, որ տարօրինակ մեքենաներ կան: Ես ինքս լինելով նախկին ՆԳ նախարարության աշխատակից, ամբողջ ճանապարհին փորձել եմ այնպես անել, որ այդ մեքենաներից երկուսը չկարողանան մեր հետեւից գան, չեմ կարող հիմա բացատրել, թե ինչ ճանապարհներով գնացինք, բայց շատ գեղեցիկ արեցինք այդ ամեն ինչը: Վանո Սիրադեղյանին թողնելով Երեւանի իքս հատվածում՝ վերադարձա տուն: Այդ օրվանից հետո Վանո Սիրադեղյանը ՀՀ-ում ընդհանրապես չի եղել»:

Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին ասաց, որ վստահ է՝ այս շարժումն ունենալու է իր արդյունքը, քանի որ արդեն իսկ կա դրա պահանջը. «Կարեւոր չի՝ Վանո Սիրադեղյանը Հայաստանում կզբաղվի՞, թե՞ չի զբաղվի քաղաքականությամբ, բայց վստահ եմ, որ իր ներկայությամբ միայն դրական փոփոխություն կբերի: Մարդ, որը եղել է այս երկրի հիմնադիրներից մեկը, որը աշխատել է ՆԳ նախարար, որի ժամանակ ՀՀ-ում օրենքով գողեր չեն եղել, Քրեակատարողական հիմնարկներում զոն նայողներ չեն եղել, եթե հիշում եք 94-95-ին ինչ էր կատարվում ամբողջ հանրապետությունով մեկ, անընդհատ հնչում էին Հայաստանով մեկ կրակոցներ, անկանոն կրակահերթերի պատճառով նաեւ եղել են մահվան դեպքեր, եւ Վանո Սիրադեղյանը կարողացավ այնպես անել, որ Երեւանում վերանան այդ կրակոցները»:

Հարցին՝ «Ավետիս Հարությունյան»անունով երբ ինքը տպագրվում էր՝ դրանից հետո տեղեկություն չկա՞ր նրա մասին՝ նա պատասխանեց՝ «Մենակ հիմարները կարող են մտածել, որ Վանոն չկա»:

Սուրեն Սիրունյանը նաեւ ասաց, որ անցել է 12 տարի. «Ես այդ ընթացքում, հաջորդ օրը Վանո Սիրադեղյանի գնալու ինձ ոստիկանություն են տեղափոխել, գտնվել եմ քրեական հետախուզության վարչությունում, իրենք ֆիքսված էին ինձ վրա, ասում էին՝ դու տեղյակ ես որտեղ է  Վանոն գտնվում»:

Մի հետաքրքիր բացահայտում եւս արվեց. «Այն սարքը՝ ստի դետեկտոր, բերել էին հոկտեմբերի 27-ի գործի համար, առաջինը փորձարկվել է ինձ վրա: Ես համաձայն եմ եղել պատասխանել ոստիկանների բոլոր հարցերին, համաձայնել եմ պատասխանել»: Սակայն այսօր խոստովանում է՝ ստի դետեկտորին խաբել է՝ ճիշտը չի ասել. «Եթե ճիշտը ասեի, ՕԵԿ-ի կամ ՀՀԿ-ի անդամ կլինեի»:

Հարցին՝ այսօրվա հայտարարությունից հետո Ձեզ կարող են տանել ոստիկանություն, ԱԱԾ՝ նա պատասխանեց. «Իմ վախը 17 տարեկանից հետո վերացած է՝ Ղարաբաղյան շարժումից սկսած, ես մտածելու բան չունեմ»:

Սուրեն Սիրունյանը նաեւ լրագրողներին փոխանցեց Վանո Սիրադեղյանի վերջին խոսքերը՝ հեռանալուց առաջ. «Իմիջիայլոց, գլխարկը մոռացել է մեքենայիս մեջ: Վանոն խնդրեց լինել բոլորով միասին. ասաց՝ իմ ձեռքերը մաքուր են: Ինձ համար այդ խոսքերը ավելի թանկ են, քան որոշ մարդկանց: Նա այդ խոսքերն ասաց, որ փոխանցեմ ՀՀՇ-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031