Հատված ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ հարցազրույցից:
-Սամվել Բալասանյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու լուրն առնելուց հետո Գյումրիի գործող քաղաքապետի կողմից հայտարարված «կիսապատերազմական վիճակը» կարո՞ղ է ստիպել ԲՀԿ-ին վերանայելու իր դիրքորոշումը այդ հարցում։
-Իհա՛րկե ո՛չ։ Զավեշտական կլիներ, եթե ԲՀԿ-ն առաջնորդվեր ոչ թե իր քաղաքական սկզբունքներով կամ որոշումներով, այլ ոչ ադեկվատ անձանց հիստերիկ պահվածքով։ Այն, ինչ անում են այս օրերին Գյումրիի դեռեւս գործող քաղաքապետը, նրա ընտանիքը եւ նրա կլանը, եւս մի լուրջ ահազանգ է առ այն, որ հնարավորինս շուտ Գյումրին պետք է փրկել այդ «պերսոնաժի» տիրապետությունից։ Այդ մարդուն թվում է, թե քաղաքը իր սեփականությունն է, եւ որեւէ թեկնածուի ցանկացած հավակնություն՝ ընտրվելու այդ պաշտոնում, երեւի թե ընկալում է որպես իր անձնական ունեցվածքի վրա անհամաչափ ոտնձգություն։
Այս ամենը իրոք զավեշտական կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ։ Քաղաքապետի ընտրությունների շուրջ Գյումրիում ստեղծված իրավիճակն իրապես այնքան արտառոց է, որ ստիպում է լրջորեն մտածել հանրապետության երկրորդ քաղաքը ոչ միայն այդ «պերսոնաժից», այլեւ նրա բոլոր մետաստազներից օր առաջ ազատելու մասին։
Բալասանյանի թեկնածության առաջադրումը եղել է կուսակցության քաղաքական որոշումը, եւ բնականաբար, այդ որոշումը մնում է ուժի մեջ։
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Գյումրիի «տիրակալը» որոշի խոսքից գործի անցնել՝ քաղաքը դարձնի «ռազմական գործողությունների» բեմահարթակ։
-Հույս ունեմ, որ, ի վերջո, սթափ տրամաբանությունը կհաղթի, եւ արկածախնդիրները, որոնք այսօր հոխորտում են, գյումրեցիների անունից «մասկի-շոուներ» կազմակերպում քաղաքապետի իբր աննախադեպ բարձր վարկանիշի մասին, կհասկանան՝ ժամանակն է, որ արկածախնդրությունն իր տեղը զիջի ողջախոհությանը։
Հակառակ դեպքում հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է արկածախնդրության կազմակերպիչների, առաջին հերթին՝ գլխավոր կազմակերպչի ուսերին, որն այս օրերին Գյումրիում էժանագին շոուներ է բեմադրում իր անփոխարինելի եւ պահանջարկված լինելու թեմաներով։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»