Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սաքունցը ոչ մի անգամ օղեր չի կրել»

Հուլիս 25,2012 12:19

Դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախնական դատական նիստը:

Ա. Սաքունցի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Վանաձորի ճանաչված փաստաբան Կարեն Թումանյանը: Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լուսինե Բաղումյանը: Ի դեպ, իբրեւ պատասխանող էր ճանաչվել նաեւ ՀՀ հանրային հեռուստաընկերությունը, որը ներկայացնում էր իրավաբանական բաժնի պետ Արմեն Բաղդասարյանը:

Հայցվորը պահանջում է, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը հրապարակային ներողություն խնդրի, իսկ իր պատվին, արժանապատվությանը հասցրած վնասի համար հատուցի 1 լումա: Նկատենք, որ հայցի փոփոխություն էր տեղի ունեցել, քանի որ մինչ այդ Սաքունցը պահանջել էր 10 դրամի փոխհատուցում: Իսկ երբ դատավոր Ափինյանը հարցրեց՝ բարոյական տեսակետից ինչպիսի՞ն է փոխհատուցումը, հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց. «Դատարանը կտա այդ հարցի պատասխանը»:

«Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռ. Հայրապետյանը ասել էր «Հելսինկյաններից մի հատ անհասկանալի օղերով շան ծնունդ…» արտահայտությունը, եւ ապացուցման բեռը, որ դա ուղղված է Սաքունցին, պետք է կրի հայցվոր կողմը:

Այս կապակցությամբ Կարեն Թումանյանը հայտնեց, որ 14 օրվա ժամկետ է անհրաժեշտ, որպեսզի հաղորդմանը ներկա գտնված անձանց որպես վկա միջնորդեն իրենք դատարան գալու եւ ապացուցելու, որ վիրավորական արտահայտությունը վերաբերում է հայցվորին:

Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը իրենց պատասխանը ներկայացրել էր դատարան, որտեղ նշված է, թե իրենց տեղեկություններով՝ «Սաքունցը ոչ մի անգամ օղեր չի կրել»: Երբ Կ. Թումանյանը հարց ուղղեց, թե այդ դեպքում Հայրապետյանը մենախոսե՞լ է, ո՞ւմ է ուղղված եղել խոսքը, հետեւեց Հայրապետյանի ներկայացուցչի պատասխանը. «Ես գուշակություններ անել չեմ կարող»: Մինչդեռ Կարեն Թումանյանը ակնարկեց, թե այդ պատասխանից կարող էր կողմի փոփոխություն տեղի ունենալ:

Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց օգոստոսի 8-ին, ժամը 13.30-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031