2012թ. հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման դատապարտեց ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամներ Տիգրան Առաքելյանին ու Սարգիս Գեւորգյանին, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին:
Այս խայտառակ դատավարությունը, իրեն պատշաճող ոստիկանական սուտ վկայություններով, անհիմն մեղադրանքներով և կամակատար դատավորներով, կրկին գալիս է ապացուցելու, որ ՀՀ իշխանությունները, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս, պատրաստ չեն մտնել քաղաքական պայքարի օրինական դաշտ:
ՀՀՇ ԵՄ-ն,
– արձանագրելով վերոշարադրյալը,
– համոզված լինելով, որ քաղբանտարկյալների առկայությունը սասանում է Հայաստանի միջազգային հեղինակությունը, լրջագույնս վտանգում նորանկախ իրավական և ժողովրդավարական պետության հաստատումն ու վերջնականապես ապականում դատական իշխանության անկախությունն ու արժանապատվությունը,
-նկատի ունենալով ՀՀ քաղաքացիներից որևէ մեկի՝ վարչակազմի ապօրինություններից երաշխավորված չլինելը և ցանկացած պահի հարձակման թիրախ դառնալու իրական վտանգը,
– մտահոգ լինելով ՀՀ-ում հասարակական-քաղաքական ակտիվություն դրսևորող երիտասարդների ճակատագրով,
– ինչպես նաև հիմք ընդունելով հայաստանյան քաղաքական դաշտի երիտասարդական թևերի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից սույն թվականի փետրվարի 26-ի համատեղ հայտարարությունը, որի 4-րդ կետը հռչակում է. «Քաղաքական հայացքների հետևանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում և նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում»,
կոչով դիմում է հայտարարության տակ ստորագրած բոլոր երիտասարդական թևերին և հասարակական-քաղաքական կազմակերպություններին` հավատարիմ մնալ համատեղ արձանագրված արժեքներին և սկզբունքային դիրքորոշում հայտնել երիտասարդներին ապօրինի դատապարտելու փաստի առնչությամբ:
ՀՀՇ ԵՄ-ն հայտարարում է նաև, որ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ վերաբերմունքի դեպքում անգամ շարունակելու է սկզբունքային պայքար մղել՝ պաշտպանելու ՀՀ ցանկացած քաղաքացու խախտված իրավունքները, անկախ նրա կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից և հասարակական դիրքից:
ՀՀՇ ԵՄ գործադիր խորհուրդ