Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ գրասենյակի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի

Հուլիս 25,2012 11:52

Կարևորելով հանրության ստուգված և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հայտնում ենք, որ ՄԻՊ-ի գրասենյակի հուլիսի 23-ին, լրատվամիջոցներով տարածած հաղորդագրությունը`ՀՀ դատախազության կողմից քաղաքացի Անահիտ Վարդանյանի իրավունքների խախտման վերաբերյալ, իրականության հետ  որևէ աղերս չունի:

ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը ՀՀ դատախազության կողմից քաղաքացու իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն է, որևէ իրավական հիմնավորում իսկ չունի, հաղորդագրության մեջ նշված հանգամանքերը մեկնաբանված են միակողմանի, ոչ լիարժեք, ստեղծելով թյուր պատկեր օբյեկտիվ իրականության վերաբերյալ: Ակնհայտ է ոչ թե «նախապատրաստված նյութերում բացատրությունների միջև եղած հակասությունները», ինչպես նշել է ՄԻՊ գրասենյակը, այլ այդ նյութերում եղած բացատրություններին ՄԻՊ գրասենյակի կողմից ամբողջական չուսումնասիրելը,մակերեսային, թռուցիկ դիտարկումները և ըստ այդմ սուբյեկտիվ եզրակացությունները, անհիմն ենթադրությունները և հարցադրումները, քանզի նյութերի ամբողջական ուսումնասիրության դեպքում ՄԻՊ գրասենյակի համար ակնհայտ կլիներ, որ ի սկզբանե քաղաքացու դիմումում նշված հանգամանքները  կրել են քաղաքացիաիրավական բնույթ`  քաղաքացիների միջև գույքային պահանջի շուրջ:

Իսկ ինչ վերաբերվում է Ա. Վարդանյանի կողմից պերօքսիդի լուծույթ խմելու միջոցով ինքնասպանության փորձին, որը ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ վերագրվել է ՀՀ դատախազության կողմից վերջինիս իրավունքների իբր թե խախտման հետ, ապա հարկ է նշել, որ քաղաքացին այդ քայլին դիմել է ոչ թե 2006թ, իր դիմումի հիման վրա քրեական գործ չհարուցելու հանգամանքից ելնելով, այլ այդ քայլին Ա. Վարդանյանը դիմել է 2011թ. դեկտեմբերի 13-ին, երբ զրկվել է սոցիալական նպաստից:

Կարծում ենք պարզ աճպարարության միջոցով փորձել քաղաքացու ինքնասպանության փորձը ներկայացնել որպես ՀՀ դատախազության կողմից քաղաքացու  իրավունքների ենթադրյալ խախտման  հետևանք, որևէ աղերս չունի իրականում մարդու իրավունքների պաշտպանության հետ, որին կոչված է ՄԻՊ գրասենյակը`համաձայն ՀՀ օրենսդրությամբ:

ՄԻՊ գրասենյակի մատնանշած խնդրի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Շիրակի բաժնում նախապատրաստված նյութերի նկատմամբ  իրականացվել է պատշաճ դատախազական հսկողություն, ստուգվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշման օրինականության հիմքերը:

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Անահիտ Վարդանյանը 2006թ.-ին դիմել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի բաժին, քաղաքացի Պ. Ղումաշյանի կողմից իր ավտոտնակի տանիքում գտնվող տնակը տանելու և 120 ԱՄՆ դոլար փոխհատուցումը չտալու մասին: Ա. Վարդանյանի դիմումի հիման վրա իրականացվել են ստուգումներ`պարզելու համար քրեական գործ հարուցելու հիմքերի բավարար լինելու հանգամանքները: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես Ա. Վարդանյանը, այնպես էլ վերջինիս դուստր Ռուզաննա Վարդանյանը ընդունել են, որ տեղյակ են եղել Պ. Ղումաշյանի կողմից տնակը տանելու փաստի մասին, որի դիմաց վերջինս իրենց տվել է 120 ԱՄՆ դոլար գումար: Ռ. Վարդանյանը պատասխանելով հարցին, թե Պետրոս Ղումաշյանը արդյոք գողացել կամ ինքնագլուխ է տիրացել տնակին, ասել է. «Տնակն ասեղ չէր, որ գողանար, կամ ինքնագլուխ տիրանար, պարզապես նա չվերանորոգեց ավտոտնակի տանիքը, մայրս էլ զայրացավ: Մենք մտերիմ հարևաններ ենք եղել, Պետրոսը հորս ընկերն է եղել, թշնամություն մեր մեջ չկա: Ճիշտ է, ինձ փող տվել է, բայց տնակը վաճառելու մասին խոսակցությունը վարել է մորս հետ»:

Պետրոս Ղումաշյանն իր սկզբնական և լրացուցիչ բացատրություններում պնդել է, որ որևէ անօրինական գործողություն չի կատարել, տնակը 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով գնելու վերաբերյալ ինքը, Անահիտ Վարդանյանի գիտությամբ, ի սկզբանե համաձայնություն է ձեռք բերել նրա դստեր` Ռուզաննա Վարդանյանի հետ, վերջինիս վճարել տնակի գնի մի մասը՝ 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից հետո տեղափոխել տնակը, իսկ դրանից մի քանի օր անց նրան վճարել է ևս 70 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ընդամենը՝ 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ Անահիտ Վարդանյանը դիմել է ոստիկանություն, քանի որ ինքը հրաժարվել է կատարել ավտոտնակի տանիքը վերանորոգելու վերաբերյալ նրա անհիմն պահանջը:

Թե Ա. Վարդանյանի, թե Պ. Ղումաշյանի բացատրություններում համընկել է նաև ժամանակագրական այն հանգամանքը, որ տնակը փոխհամաձայնությամբ և փոխհատուցմամբ տարվել է 1999-2000թթ ընթացքում:

Վերոհիշյալն ինքնին, ինչպես նաև Պետրոս Ղումաշյանի բացատրություններում նշված հանգամանքների համադրմամբ, փաստում է դրանց իսկությունը, նրա արարքում հանցակազմի բացակայությունը, ինչպես նաև կողմերի միջև վեճը քաղաքացիաիրավական բնույթի և դատական կարգով լուծման ենթակա լինելը, որի պայմաններում 12.12.2006թ. որոշում է կայացվել քրեական գործ չհարուցելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Անահիտ Վարդանյանին օրենքով սահմանված կարգով և ժամկետում գրավոր տեղեկացվել է և նրան բացատրվել է որոշման բողոքարկման կարգը, ինչպես նաև պատճառված վնասը հատուցելու պահանջով դատարան դիմելու նրա իրավունքը, սակայն Անահիտ Վարդանյանը որոշումը չի բողոքարկել: Պարզվել է նաև, որ նշված վեճի և իր այլ պահանջների վերաբերյալ Անահիտ Վարդանյանի կողմից տարբեր պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց հասցեագրված դիմումներին սահմանված կարգով և ժամկետներում տրվել են սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ, նրա մասնակցությամբ կազմակերպվել ընդունելություններ:

Միաժամանակ պարզվել է, որ 2007թ.-ին Անահիտ Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան ընդդեմ Պ. Ղումաշյանի: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը իր 11.09.2007թ. վճռով Ա. Վարդանյանի հայցը մերժել է: Դատարանը հիմնավորված և հաստատված է համարել այն հանգամանքը, որ Անահիտ Վարդանյանի համաձայնությամբ, վերջինիս դուստրը` Ռուզաննա Վարդանյանը, համապատասխան գումարի` 120 ԱՄՆ դոլարի դիմաց տնակը հանձնել է Պետրոս Ղումաշյանին: Որպես հատուցմամբ ձեռք բերված գույք` Պետրոս Ղումաշյանը տարիներ շարունակ օգտագործել և տնօրինել է տնակը: Նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն իր 28.03.2008թ. որոշմամբ բողոքը մերժել է և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Ավելին,  ՄԻ Պաշտպանը սույն հարցով 2 անգամ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն /12.03 և 02.05.12թթ./ և երկու անգամ էլ ՄԻ Պաշտպանին մանրակրկիտ տեղեկացվել է սույն գործի հանգամանքների մասին, ներկայացվել են բացատրություններից մեջբերումներ, պարզաբանվել է, որ ՄԻՊ գրասենյակի եզրակացությունները` վերոնշյալ գործի բացատրություններում առկա ենթադրյալ հակասականությունների մասին պայմանավորված է ՄԻՊ գրասենյակի կողմից այդ նյութերի մասնակի ուսումնասիրությամբ, որ չեն ուսումնասիրվել լրացուցիչ բացատրությունները, որոնցում նշված հանգամանքների համադրմամբ, փաստում է դրանց իսկությունը,  քաղաքացի Պետրոս Ղումաշյանի արարքում հանցակազմի բացակայությունը, ում դեմ ուղղված է Անահիտ Վարդանյանի բողոքները:

Ի դեպ քաղաքացի Պետրոս Ղումաշյանը մահացել է 2011թ. հուլիսին, ինչի մասին նույնպես պատասխան գրությամբ տեղեկացվել էր Մարդու Իրավունքների Պաշտպանը: Ներկայացվել են նաև  Անահիտ Վարդանյանի դիմումը`ուղղված Շիրակի մարզի քննչական բաժին, որ ինքը որևէ պահանջ ոստիկանությունից չունի, որ ինքը գիտակցում է, որ իր խնդիրը ոստիկանության քննության ենթակա չէ, և ինքը ուղղակի վրդովված է եղել, ուստի այդ պատճառով է դիմել ոստիկանություն, ներկայացվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը` Անահիտ Վարդանյանի քաղհայցը մերժելու մասին, նախաքննական մարմնի հիմնավորումները քրեական գործի հարուցումը մերժելու օրինական հիմքերի մասին: Պարզաբանվել է, որ բացատրություններում եղած հակասությունները դեռևս չեն փաստում քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին, քանի որ քրեական գործ հարուցելու որոշում կայացվում է է ստուգման արդյունքներով ձեռք բերված բոլոր հանգամանքների համադրման և համակցությամբ գնահատման արդյունքում:

Առնվազը տարօրինակ է, որ ՄԻՊ գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազության պատասխաններից հետո, իր անհամաձայնությունները կամ դիտարկումները հիմնավորված ներկայացնելու փոխարեն,  ուղիղ 2 ամիս անց,  առանց մի բառ իսկ փոփոխելու կամ ավելացնելու իր նախկին գրություններում նշված հանգամանքներից,  առանց որևէ հետևություն անելու իրենց ուղարկված պատասխաններից կամ առնվազն ՀՀ գլխավոր դատախազության պատասխաններում որևէ հանգամանքի վերաբերյալ իր անհամաձայնությունը հայտնելու,  հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ` նույնությամբ կրկնվելով մի հարցի շուրջ, որի վերաբերյալ ստացել է սպառիչ պատասխաններ և չի հայտնել որևէ հիմնավորված անհամաձայնություն:

 ՀՀ դատախազության հանրային կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031