Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի շրջակայքում գտնվող քարանձավներից մեկում պեղումների ժամանակ հնագետները սենսացիոն բացահայտում են արել: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մարդու ուղեղը 6000 տարեկան է, սակայն այս մասին լուրը դեռևս շատ չի բարձրաձայնվում: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Արենիի արշավախմբի ղեկավար, հնագետ Բորիս Գասպարյանը: Նրա խոսքով` այդ մասին բարձրագոչ հայտարարություններ չեն արվում, քանի որ ուղեղը դեռևս գտնվում է ուսումնասիրության փուլում:
«Ուղեղի մասին կբարձրաձայնենք արդեն բոլոր ուսումնասիրություններն ավարտելուց հետո միայն, երբ կտպագրվի գիտական հոդված միջազգային գիտական ամսագրում, իսկ իրողությունը կդառնա անհերքելի փաստ»,- ասաց Բ. Գասպարյանը` հավելելով, որ 6000-ամյա ուղեղն այժմ գտնվում է արտասահմանում, ավելի կոնկրետ` ԱՄՆ-ում`ուսումնասիրության նպատակով: « Խորը ուսումնասիրություններ կատարելու մեր հնարավորությունները շատ չեն, այստեղ մենք անում ենք այն ամենը, ինչ հնարավոր է, իսկ հետո արդեն ուսումնասիրության առարկան ուղարկում ենք դուրս» ,- ասաց Բ. Գասպարյանը:
Նրա տեղեկացմամբ, գտնված ուղեղում հայտնաբերվել է որդ, ներկայում մասնագետները փորձում են պարզել, թե որդն ուղեղում գտնվել է աղջկա կենդանության օրո՞ք, թե՞ մահվանից հետո է այնտեղ հայտնվել: «Որդի տեսակը և նրա թվագրումը պարզելուց հետո հայ հնագետները կարող են իրենք ներդրում ունենալ նաև պարազիտոլոգիայի մասով համաշխարհային գիտելիքի գանձարանում հաստատապես ավելացում կատարելով, քանի որ այդ որդը պետք է լինի պարազիտոլոգիայի առաջնակարգ սկզբնաղբյուր»,- ասաց Բ. Գասպարյանը:
Նշենք, որ Արենիի քարանձավում հնագիտական պեղումներ կատարվում են 2007-ից: Հիշեցնենք, որ Արենիում հնագետների խումբը պեղումների ժամանակ հայտնաբերել էր 7-16 տարեկան երեք աղջիկների գանգեր, որոնք թաղված էին կավե կավակերտերի մեջ: Դրանք մաքրելուց հետո է միայն պարզ դարձել, որ դրանցից մեկի մեջ ուղեղի մի փոքրիկ կտոր է մնացել: Հնագետները կարծում են, որ աղջիկները զոհ են դարձել ծիսական զոհաբերության: