Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ասել Ադրբեջանի դեսպանությանը Շվեյցարիայում եւ ինչպե՞ս է Իրանը խոսում «բանակցությունները վնասելուց»

Հուլիս 25,2012 11:35

Երբ վերնախավի փոփոխություններ են տեղի ունենում տարբեր միջազգային կառույցներում, հատկապես այնպիսի կազմակերպություններում, որոնց այս կամ այն կերպ սերտ առնչություն ունի կամ Հայաստանը, կամ Ադրբեջանը, գրեթե միշտ սրբազան պարտքի նման հայտարարություններ են արվում ղարաբաղյան հակամարտության հարցին առավել մեծ աջակցություն ցույց տալու, հարցը առավել ակտիվ քննարկելու խոստումներով: Եվ, բնականաբար, արդեն 20-ամյա բանակցային գործընթացից առանձնակի չտարբերվող վիճակներում էլ հայտնվում են խոստումներ տվողները, որոնց հերթափոխը ոչ մի նոր ու, կարեւորը, առաջընթացային բան չի բերում հակամարտության կարգավորմանը: Այսինքն` առավել հաճախ այս հիմնախնդրի մասին խոսքերը կրում են զուտ հռետորական, ոչ մի բան չպարտավորեցնող ու ոչ մի հետեւանքի չբերող բնույթ:

Արցախում հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների առնչությամբ էլ դրանք «չճանաչողների» հայտարարությունները ոչ մի բան չեն փոխում այն բոլոր գործընթացներում, որ ընթանում են հենց Արցախում կամ հակամարտություն ասվածի շուրջը: Ի վերջո, ով է ընդունում կամ ով չի ընդունում անցկացված ընտրությունները` այնքան էլ կարեւոր չէ, եթե այդ ընտրությունները ընդունելի ու գործառնական են հենց արցախցիների համար:

Սակայն չճանաչողների շարքում Ադրբեջանի արդեն դասական դարձող կեղծարար մոտեցմամբ երբեմն հայտնվում են նաեւ կառույցներ ու երկրներ, որոնք որեւէ կերպ ու ոչ այս ընտրությունների առնչությամբ նման կարծիք չեն հայտնել: Ստացվում է, որ Ադրբեջանն օգտվում է ստեղծված վիճակից, ու ադրբեջանական իշխանությունների հետ հարաբերությունների «նավթացման» համատեքստում ԼՂՀ նախագահի ընտրությունները չճանաչողներին «միանում են» անգամ չեզոքները:

Ադրբեջանական մամուլը ԼՂՀ նախագահական ընտրությունների քվեարկությանը հաջորդած օրերին ամենայն ջանասիրությամբ «տեղեկացնում է», թե ինչպես տարբեր երկրների ու կառույցների մեծ ու փոքր չինովնիկներ հաճոյանում են Կասպյան ավազանի նավթատիրոջը:

Այդ շարքում հուլիսի 20-ին հայտնվել էր նաեւ Շվեյցարիան, ընդ որում, այդ մասին տեղեկացնող «Թրենդ» գործակալությունը հղում էր արել ոչ թե հենց այդ երկրի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտին, այլ Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանությանը: Ըստ այդմ, իբր նշված դեպարտամենտը «վերաբերմունք էր հայտնել» Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ, նշելով, թե «Շվեյցարիան Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս եւ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:

Սակայն իրականում Շվեյցարիայի համապատասխան գերատեսչությունը հուլիսի 19-ի ընտրությունների առնչությամբ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: Ավելին, ըստ մեր տեղեկությունների, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարություն պաշտոնական նոտա է հղել հենց այդ երկրում Ադրբեջանի դեսպանությունը` Արցախում նախագահական ընտրությունների առնչությամբ վերաբերմունք արտահայտելու խնդրանքով: Շվեյցարական արտաքին գերատեսչությունից արձագանքել են, որ մինչ այդ եւ այս ընտրությունների դեպքում էլ Շվեյցարիան պաշտոնական հայտարարություններ չի արել ու չի անում:

Հասկանալի է, որ թերեւս ոչ սեփական նախաձեռնությամբ, բայց «չճանաչելու» մասին հայտարարություններ տարածվել են նաեւ այլ երկրների պարագայում, սակայն հետաքրքրական է, որ ընտրությունների հարցին, ըստ ադրբեջանական մամուլի, անդրադարձել է նաեւ Իրանի արտաքին հարցերով զբաղվող գերատեսչությունը, ընդ որում, ադրբեջանական մամուլը հղում է անում իրանական IRINN հեռուստաալիքին: Այդ տեղեկության համաձայն, երեկ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, թե հուլիսի 19-ի ընտրությունները «բացասաբար են անդրադառնում հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա»:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը իբր նաեւ հայտարարել է, թե «քանի դեռ հակամարտության կողմերը համաձայնության չեն եկել կարգավորման շուրջը, նման գործողությունները բացասաբար են ազդում բանակցային գործընթացի վրա»:

Իրանի պարագայում այսօրինակ հայտարարությունը որքան անհասկանալի, նույնքան էլ ոչ վստահելի է թվում: Իրականում «Մեհր» իրանական գործակալության փոխանցմամբ Ռամին Մեհմանփարաստը ասել է, որ «քանի դեռ Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցությունները արդյունքի չեն հասել, չեմ կարծում այս քայլերը ընդունելի արդյունք ունենան»: Փաստացի Իրանի ագն ներկայացուցիչը չեզոք դիրքորոշումը պահպանել էՙ շեշետելով, որ պետք է աշխատել բանակցություններում արդյունքի հասնելու համար:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031