Օրերս ՀՀՇ ԵՄ միությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ կոչ էր անում հայաստանյան կուսակցությունների երիտասարդական կառույցներին հավատարիմ մնալ 2012թ. փետրվարի 26-ին ընդունված իրենց համատեղ հայտարարությանը, որի 4-րդ կետի համաձայն՝ նրանք դատապարտում են քաղաքական հայացքների հետեւանքով երիտասարդների հետապնդումները եւ ակնկալում սկզբունքային դիրքորոշում կատարվածի առնչությամբ։ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե պատրաստվում են արդյոք հայտարարությանը միանալ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության երիտասարդները՝ դատապարտելով ՀԱԿ ակտիվիստների հանդեպ կայացված անարդար վճիռը։ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանը պատասխանեց, թե իրենք տեղյակ չեն հայտարարությունից։ «Եթե տեղյակ լինեինք, կպատասխանեինք, փորձում ենք կապ հաստատել իրենց հետ՝ հասկանալու, թե ինչ նախաձեռնություն է»,- բացատրեց նա՝ հավելելով, որ իրենք թեեւ չեն սպասում կոնկրետ դիմումի, այնուամենայնիվ պետք է հասկանան, թե ինչի մասին է խոսքը։
«Ժողովուրդ»