Արտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 24-ի նիստում շարունակում էին հրապարակել քրեական գործում առկա ապացույցները: Նիստին ներկա չէր գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը:
Դատարանում փաստաբանական գործունեության իր հավաստագիրը ներկայացրեց եւ Հակոբ Մանուկյանի պաշտպանության գործին, որպես երկրորդ փաստաբան, միացավ Արմինե Ղասաբօղլյանը, որը նախկինում Հրանտ Գեւորգյանի հետ ներկայանում էր դատական նիստերին:
Նիստում դատախազ Հարություն Հարությունյանը շարունակեց հրապարակել նշանակված դատաբժշկական, դատաձգաբանական, դատահոգեբուժական եւ այլ փորձաքնննությունների արդյունքները:
Կարդացեք նաև
Դատաբժշկական փորձաքննությամբ Արտակ Նազարյանի ծառայակից 9 զինծառայողների մարմնի վրայից վերցրած քսուքներից չեն հայտնաբերվել վառոդի հետքեր, կիսայրված վառոդի մասնիկներ, սակայն հայտնաբերվել են պղնձի մետաղացման հետքեր, որոնք կարող են լինել հրազենային կրակոցի հետեւանք, հայտնաբերվել է նաեւ անտիմոն տեսակի նյութ, որի չափերը տեղավորվում են սահմանված նորմայի մեջ:
Տուժողի իրավահաջորդի եւ ամբաստանյալ 3 զինծառայողների պաշտպան Ալվարդ Մարտիրոսյանի միջնորդությամբ հրապարակվեցին հեռախոսագրեր, որոնք տեղեկացնում են Արտակ Նազարյանի մահվան մասին: Դրանց համաձայն մի դեպքում Արտակ Նազարյանի դիակը հայտնաբերվել է խրամատում, մի այլ դեպքում` խրամուղում: Իսկ մեղադրական եզրակացության մեջ նշված է,որ Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել ժայռի մոտ:
Հուլիսի 25-ին դատարանում կշարունակվի գործում առկա ապացույցների հրապարակումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ