Երեկ խմբագրությունը նամակ էր ստացել վերջերս կալանավորված ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանից։ Ինչպես հայտնի է, նա մեղադրվում է «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Ըստ մեղադրանքի, Ս. Հովհաննիսյանը պարտավորվել էր սպանության պատվիրատուի համար գտնել այն իրականացնող անձ։ Այս տվյալները հայտնել է քրեակատարողական համակարգի նախկին աշխատող, հետագայում մի քանի անգամ դատապարտված եւ այժմ էլ ազատազրկված Ռոբերտ Տոնոյանը։ Նրա հայտարարությունն ԱԱԾ-ին միակ փաստն է, որ դրված է Սամվել Հովհաննիսյանի մեղադրականի հիմքում։ Համենայնդեպս այդպես է պնդում նրա շահերի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը։ Այլ մեկնաբանություններ ոչ Հովհաննիսյանի, ոչ էլ Վաղինակ Գեւորգյանի կողմից մինչ օրս չեն եղել։ «Հրապարակին» ուղղված նամակը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի առաջին խոսքն է կատարվածի վերաբերյալ։ Իր նամակում Հովհաննիսյանն անդրադառնում է նաեւ գեղանկարիչ Բաժբեուկ-Մելիքյանի կորած նկարների շուրջ մեր հետաքննության ընթացքում ի հայտ եկած որոշ տվյալների։
«Ձեր օրաթերթի միջոցով ցանկանում եմ հասարակությանը տեղեկացնել, որ ես ոչ մեկի սպանությունը չեմ պատվիրել։ Այդ մասին հայտարարել է ԱԱԾ-ում հասարակությանը եւ իրավապահ մարմիններին քաջ ծանոթ Ռ. Տոնոյանը (Հոկտեմբերյանի Գել Հովսեփի տղա Ռուբոն), որը, սկսած 1992 թվականից, տասնյակ մարդկանց քցել է եւ տեւական ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ։ Նախկինում մի շարք անգամ դատապարտված, վերջին 8 տարիներին մի քանի ՔԿՀ-ներում քարշ եկած եւ իր տերերին «ծառայություն» մատուցած (առայժմ չեմ նշում տերերի անունները, ովքեր մեծ ցանկություն ունեն տերերի անունները ճշտել, թող Ռուբոյի հեռախոսի վերծանումը ձեռք բերեն եւ ակնհայտ կտեսնեն): Նա ներկայումս նույնպես դատապարտյալ է։ Տվյալ հայտարարության հիման վրա հարուցված է քրեական գործ, եւ ես վստահ եմ, որ նախաքննությամբ ամեն ինչ կպարզվի։ Ես վստահ եմ, որ այս հայտարարությունը Ռ. Տոնոյանի տերերին պատվերով է տրվել:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
«Հրապարակ»