Վերջին շրջանում մարզաշխարհին ամենից շատ հետաքրքրում է, թե ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը գումարային ի՞նչ պարգեւավճարներ է խոստացել Լոնդոնում հաջող մրցելույթներ ունեցող հայաստանցի օլիմպիականներին:
Լրատվամիջոցներում ամենատարբեր տեղեկատվություններ են հրապարակվում, որոնք որոշ չափով խեղաթյուրված են եւ իրականությանը համապատասխանում են մասամբ: Օրինակ, ասվում է, թե Լոնդոնում օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճած մեր մարզիկներն անձամբ ՀԱՕԿ-ի նախագահից կարժանանան $ 1 միլիոնական խրախուսանքի: Այն, որ իսկապես $ 1 միլիոն խոստացվել է, ճիշտ է: Սակայն Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Aravot. am-ի հետ զրույցում հստակեցրեց. «Գագիկ Ծառուկյանը խոստացել է $ 1 միլիոնով պարգեւատրել հայաստանցի այն մարզիկին, ով Լոնդոնում առաջին ոսկե մեդալը կնվաճի Հայաստանի Հանրապետության համար: Եվ պարոն Ծառուկյանի խոսքը՝ գործ է»:
Իսկ ինչ վերաբերում է մյուս օլիմպիական չեմպիոններին, տա Աստված՝ շատ լինեն, նրանք նույնպես դրամական լուրջ խրախուսանքների կարժանանան. պետությունից՝ 20-ական միլիոն, գումարած օլիմպիական կոմիտեից՝ 40-ական միլիոն դրամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ