2012 թվականի հուլիսի 24-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի և ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշեց.
1. ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանին հայտարարել նախազգուշացում:
2. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումները, համաձայն Դատական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի, կհրապարակվի 15 օրվա ընթացքում:
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ
Պարզաբանում
Կարդացեք նաև
«Հայկական իրավական տեղեկատու» լրատվական կայքում 2012թ. հունիսի 12-ին հրապարակվել է «Կարող է արդյոք դատարանը պատասխանողի միջնորդությամբ հայցվորի նկատմամբ կիրառել հայցի ապահովում» վերտառությամբ տեղեկություն, ըստ որի՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանն ակնհայտ և կոպիտ կերպով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածը, այն է՝ պատասխանողի միջնորդությամբ հայցվորի նկատմամբ կիրառել է հայցի ապահովման միջոց:
Վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությամբ Դատական դեպարտամենտում ստուգվել է ստացված տեղեկությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Ուսումնասիրությունների արդյունքները զեկուցվել է Վճռաբեկ դատարանի նախագահին, վերջինս էլ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին է ներկայացրել հաղորդում՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու մասին: Արդարադատության խորհրդի 2012թ. հունիսի 15-ի որոշմամբ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Արդարադատության խորհրդի 2012թ. հուլիսի 24-ի նիստում Ալեքսանդր Մերանգուլյանը ենթարկել է կարգապահական պատասխանատվության: Հայտարարվել է խիստ նկատողություն՝ զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն
Արսեն Բաբայան
ՀՀ դատական դեպարտամենտի
Միջազգային համագործակցության
և հասարակայնության հետ կապերի
ծառայության պետ