ԲՀԿ-ի նկատմամբ Ձեր այդքան մեղմ վերաբերմունքը ինչո՞վ է բացատրվում եւ հաշվի առնելով, որ «Ժառանգությունը» Ձեզ հետ լավ չվարվեց՝ համամասնական ցուցակում այլ անձանց մտցնելով եւ հետին պլան մղելով՝ հնարավո՞ր է, որ հիմա կամուրջ ստեղծվի Ձեր եւ ԲՀԿ-ի միջեւ: Aravot.am-ի այս հարցերին «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես եթե իմ կուսակցությունից խռոված լինեի, կամ իմ կուսակցության հետ ունենայի շատ լուրջ դժգոհություներ, ես կարող եմ ունենալ ներքին տարաձայնություններ, բայց չափազանց մեծ դժգոհություներ ունենալու պարագայում, հավատացեք, ես իմ որոշումը կկայացնեի՝ լինե՞լ կուսակցության մեջ, թե՞ ոչ: Եթե կամ այդ կուսակցության մեջ, ապա դա նշանակում է, որ բացառված է, որ կամուրջներ գցեմ դեպի որեւէ այլ կուսակցություն»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ստյոպա Սաֆարյանը «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում ասել էր՝ «Ցավում եմ, որ ԲՀԿ-ի ու Ժառանգության միջեւ նման փոխհրաձգություն է եղել»: Իսկ հարցին՝ ո՞ր ուժերին եք համարում ընդդիմադիր, ԲՀԿ-ն այդ ցանկում կա՞՝ նա պատասխանել էր, որ ԲՀԿ-ի քաղաքական կեցվածքի գնահատականը հնարավոր է տալ միայն ժամանակի ընթացքում։ Խորհրդարանական ընտրություններից հետո, ըստ էության, մենք միայն մի քանի առիթ ենք ունեցել տեսնելու կուսակցությունների քաղաքական դիրքորոշումները, եւ բոլոր այս դեպքերում ԲՀԿ-ն ընդդիմադիր կեցվածք է ունեցել»:
Թե ինչով է պայմանավորված Ստյոպա Սաֆարյանի վերաբերմունքի այս փոփոխությունը՝ նա բացատրեց. «Իմ վերաբերմունքը ոչ մեղմացել է, ոչ էլ կոշտացել է»: Մենք հիշեցրեցինք՝ նախկինում ասում էիք՝ վա՜յ Քոչարյան, Քոչարյանի կուսակցություն, միասնական շտաբը դրա համար չմտանք , եւ այլն, հիմա ի՞նչ պատահեց՝ պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Կա այն, ինչ կա: Նախկինում արված իմ բոլոր գնահատականները դրանք իմն են: Ես հիմա էլ կարող եմ ասել, որ ԲՀԿ-ի, ԲՀԿ-ին մերձ շրջանակների համար իրենց կուռքը ոչ թե իրենց առաջնորդն է, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը: Եվ դա անգամ նկատելի է սոցիալական ցանցերում, որտեղ ԲՀԿ-ն կամ նրա առաջնորդն իրենց համար գործիչ են՝ Քոչարյանին hետ բերելու համար: Բայց ներեցեք, մի քանի հոգու իմ այս գնահատականը չի կարող տարածվել ամբողջ կուսակցության վրա եւ նրա անդամների վրա, եթե այդ անդամների մի մասի համար իրենց առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է եւ ուրիշ ոչ մեկը: Անգամ մի կուսակցության օրինակով կարելի է տեսնել, որ կյանքը սեւ ու սպիտակ չէ, եւ վերջին հաշվով նաեւ ակնհայտ էր, որ նույն Քոչարյանի համար ԲՀԿ-ն եւ նրա այսօրվա հնարավորությունները քաղաքական դաշտում դիտարկվում են իր վերադարձի միջոց: Հետեւաբար այս կտրվածքով իմ գնահատականները չեն փոխվել: Ես ընդամենն ասում եմ, որ նախաձեռնության տապալելուց հետո այն ոչ մի արդյունք չտվեց Վահե Ավետյանի գործին կամ դրա բացահայտմանը, ոչինչ չտվեց հասարակությանը, ավելին՝ բերել է մի լեզվակռվի, որը ոչինչ չի տալիս նաեւ դրա կողմերին: Հետեւաբար ես չեմ կարող մասնակից դառնալ այս լեզվակռվի եւ սնուցել այդ կոնֆլիկտը»:
Ինչ վերաբերում է միասնական շտաբին, պարոն Սաֆարյանը նկատեց. «Ես ժամանակին, այո՛, քննադատել եմ միասնական շտաբը, որովհետեւ համարել եւ համարում եմ, որ այդ շտաբն անկեղծ չէր իր առաջադրած նպատակների մեջ, որովհետեւ եթե նպատակն արդար ընտրությունների ապահովումը լիներ, ապա այդ դեպքում ազատ ընտրությունների թիվ 1 սպառնալիքն ընտրակաշառքը եւ բարեգործություններն էին, պետք է որ կենտրոնանային դրա վրա: Հետեւաբար իմ կարծիքը դրա վերաբերյալ չի փոխվել: Բայց այսօր ուղղակի տապալված նախաձեռնության շուրջ, որը ոչինչ չի տվել հասարակությանը, Վահե Ավետյանի ընտանիքին, քաղաքացիական հասարակությանը, որը պահանջատեր է, եւ այսօր դա վերածել լեզվակռվի, քաղաքական հաշիվներ մաքրել՝ ինքնուրույն է, ինքնուրույն չէ, ում է ծառայում՝ ում չի ծառայում, կմիանան, թե չեն միանա՝ այս առումով ինձ համար անընկալելի է եւ անընդունելի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ