Ախալքալաքում գտնվող Փարվանա լճի ափին է տեղակայված Ասփարա գյուղը: Գյուղից 3 կմ հեռավորության վրա՝ երկգագաթ անանուն լեռան գլխին, գտնվում է մի հնադարյան ամրոց: Ամրոցի հաստաբեստ 4մ. լայնությամբ պարիսպները և նրա հարակից ամրություններն ու բնակելի շինությունները գրավում են լեռան երկու գագաթները: Ամրոցը զարմացնում է իր ճարտարապետական ուրույն կառուցվածքով, այն ամբողջովին շարված է բազմատոն քառաժայռերով: Մտնելով այս բերդը ՝ հիշում ես Տորք Անգեղին և Քաջաց տան ժանտատեսիլ հսկաներին: Ոչ մի պատմական աղբյուրում, ինչպես նաև բանավոր տեղեկություններում այս բերդի կառուցողների, դրա կառուցման ժամանակի, հիմնական բնակավայրերից նշանակալից հեռավորության, դրա կառուցման նպատակների մասին որևէ տեղեկություն չկա: Այս ամրոցը նման է մեզ համար անհասանելի ու անհասկանալի գաղտնիք պարունակող կիսավեր հսկայի: Ումի՞ց են վախեցել Ջավախքի հնագույն բնակիչները, որ բնակավայրերից այսքան հեռու, ծովի մակերևույթից ավելի քան 3000 մ բարձրության վրա կառուցել են այս ամրոցը: Այս կիասվեր ամրոցի քարերի վրա որևէ աշխատանքային կամ շինարարական գործիքի հետք չկա: Ամրոցի կառուցողները եղել են հսկաներ, որոնց անսովոր հասակի և ուժի մասին են վկայում տեղի բնակիչները, ովքեր ժամանակ առ ժամանակ գյուղատնտեսական կամ շինարարական աշխատանքներ կատարելիս՝ գյուղի տարածքում և հնադարյան միջնաբերդի պարիսպների հարևանությամբ գտել են հսկայական մարդկային կմախքներ:
Վարդուհի Երանոսյան` Փարվանա լճի անանուն ամրոցը (mynews.am)