Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաշքով է մահից փրկվել

Հուլիս 24,2012 19:02

25-ամյա Քրիստինե Ադամյանը վերապրել է Կրասնոդարի երկրամասում հուլիսի 7-ին տեղի ունեցած ջրհեղեղը: Նա բարեկամուհիս է, ում հետ փորձեցի կապվել ջրհեղեղի մասին լուրը լսելուց անմիջապես հետո: Մի կերպ ստացվեց, քանի որ հեռախոսագիծը ծանրաբեռնված էր:

Քրիստինեն, պատմեց, որ ջրհեղեղի օրը աշխատանքի է եղել: Նա աշխատում է Դիվնոմորսկ ավանի առափնյա խանութում:

«Դեպքը տեղի ունեցավ ժամը 14:00-16:00-ի սահմաններում: Ամբողջ օրն անձրեւ էր գալիս: Այնուհետեւ ջուրն արագ սկսեց բարձրանալ ամբարներում եւ ի վերջո կոտրեց պատվարները: Մեզ ոչ ոք չէր զգուշացրել, որ արտակարգ դեպք է լինելու, չնայած իշխանություններն այդ մասին տեղյակ են եղել:

Ջուրը սկսեց ավելի արագ բարձրանալ: Անգամ չհասցրեցինք դուրս գալ: Ուզում էինք գոնե ապրանքների մի մասը փրկել: Չէինք էլ մտածում, որ այդպիսի դեպք կլինի: Սարսափելի էր. բառերով հնարավոր չէ պատմել»-ասում է Քրիստինեն: Նա նաեւ պատմում է, որ իրենց մահից փրկել են ափում հանգստացող տղաները:

«Նրանք մեզ դուրս հանեցին ջրից: Իմ աչքերի առաջ լողում էին մարդիկ, մեքենաներ…»,-նշում է Քրիստինեն:

Քրիստինեին եւ իր գործընկերներին փրկելուց հետո տեղափոխել են հյուրանոց, տաք հագուստ եւ կոշիկ են տվել:

«Դողում էինք ցրտից եւ վախից»,-ասում է նա` նշելով, որ ջրհեղեղի ժամանակ փրկարարական աշխատանքներ են իրականացվել դրսում, որոնց մասնակցել են տեղի եւ քաղաք ժամանած փրկարարական ջոկատները:

«Չգիտեմ, թե հետո ինչ է տեղի ունեցել դրսում, քանի որ ներսում եմ եղել: Երբ փողոց դուրս եկա, սարսափելի տեսարան էր, ամեն ինչ ջրի մեջ էր, մարդիկ վազում էին այս ու այն կողմ, խուճապ էր տիրում: Երբեմն նստում եւ մտածում եմ կատարվածի մասին…Շնորհակալ եմ Աստծուն, որ փրկեց մեզ»,-ասում է նա:

Ջրհեղեղին հաջորդող 4 օրերի ընթացքում վերկանգնվում էին առեւտրի կենտրոնները եւ այն օբյեկտները, որ վնասվել էին:

«Կարելի է ասել` կյանքը նորից էին սկսում»,-պատմում է Քրիստինեն:

2012թ-ի հուլիսի 7-ին ջրհեղեղ էր տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասում, ինչից  դեռեւս ուշքի չեն գալիս բնակիչները: Համաձայն պաշտոնական տվյալների` տեղումների հետեւանքով 5.185 տուն մնացել է ջրի տակ: Ջրհեղեղից տուժել է 22.000 մարդ: Ավելի քան 200 մարդ զոհվել է:

Առատ տեղումների եւ ջրհեղեղից առավել տուժել են Գելենջիկ, Նովոռոսիսկ, Կրիմսկ քաղաքներն ու  Նիժնաբականսկայա, Նեբերջաեւսկայա եւ Կաբարդինկա գյուղերը:

 

Արթուր Հարությունյան` Հրաշքով է մահից փրկվել (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031