Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն «Ազատություն» ռադիոկայանի հետ խոսել է ղարաբաղյան կարգավորման մասին։
Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացել է Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների եւ եվրոպացի պաշտոնյաների հանդիպումը, որտեղ նրանք ամփոփել են արդեն արված աշխատանքն ու գործողությունների ծրագիրը քննարկել մինչեւ 2013 թվականին սպասվող հաջորդ գագաթնաժողովը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ով «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության հարցին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղ Եվրամիության ներկայացուցչի առանց նախապայմանների մուտքի հնարավորությանը։
Քեթրին էշթոնն ասել է. – «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, եւ խոսել եմ նաեւ Հայաստանի նախագահի հետ, երբ նա հանդիպել էր ինձ անցյալ շաբաթ։ Մենք Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկում ենք բոլոր հանդիպումների ընթացքում, մասնավորապես` Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի մուտքը Ղարաբաղ թույլ տալու հարցը, ոչ թե բոլոր եվրոպացի պաշտոնյաների։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել վստահություն այն մարդկանց միջեւ, ովքեր ապրում են այնտեղ, բավական լարված եւ խիստ անկայուն իրավիճակում։ Եվ կրկին ուզում եմ ասել, որ ոչ միայն այսօրվա հանդիպմանը, այլեւ բոլոր հանդիպումների ընթացքում սրանք են քննարկվող առանցքային հարցերը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Արեւելյան գործընկերության ծրագրում Հայաստանի գրանցած արդյունքներին, ապա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դրանք ներկայացրել է իր ելույթում՝ նշելով, որ Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկից երկու տարի անց Հայաստանը փակել է 29 բանակցային գլուխներից 28-ը, եւ այս հաջողությունը հաշվի առնելով՝
սահուն առաջընթաց են ակնկալում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններում՝ նպատակ ունենալով ավարտական փուլին մոտենալ մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը:
Նալբանդյանը նշել է նաեւ, որ արդեն ավարտական փուլում են եւ միայն ստորագրմանն ու վավերացմանն են սպասում մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը վերաբերող պայմանագրերը։
Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, խոսելով Արեւելյան գործընկերության ծրագրի հետագա զարգացման մասին, ասել է, որ առաջիկայում փորձելու են ավելի տարբերակված մոտեցում ցուցաբերել գործընկեր վեց պետությունների նկատմամբ։
«Կարծում եմ, մենք Արեւելյան գործընկերության ծրագրում ավելի տարբերակված մոտեցման փուլ ենք սկսում։ Արեւելյան գործընկերությունը կարեւոր է նաեւ տարածաշրջանային համագործակցության համար, կարեւոր է գտնել անհատական մոտեցում մեր գործընկեր պետություններից յուրաքանչյուրի համար, որպեսզի իրենց ավելի հարմար լինի լիովին կյանքի կոչել Եվրամիության հետ համագործակցելու իրենց ձգտումները», – հայտարարել է Ֆյուլեն։