Սիրիայի ընդդիմության ակտիվիստների համաձայն, երկրի հյուսիսային Հալեպ քաղաքում շարունակվում են կատաղի մարտերը ապստամբների և կառավարական ստորաբաժանումների միջև:
Ակտիվիստների համաձայն, երեքշաբթի օրը ծանր մարտեր են տեղի ունեցել Հալեպի մի քանի շրջաններում: Նրանք ասել են նաև, որ կառավարական ուժերի կողմից քաղաքի բանտի գրոհի պատճառով զոհվել է առնվազն ութ բանտարկյալ:
Ընդդիմադիր Տեղական համակարգման կոմիտեն հայտնել է երեքշաբթի օրը կառավարական ուժերի կողմից Դամասկոսի արվարձանների, ինչպես նաև Դեյր էզ Զոր և Հոմս քաղաքների ուղղությամբ բացված հրետանային կրակի մասին:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը միացել է աշխարհի այլ պետությունների ղեկավարներին՝հիշեցնելով Սիրիայի իշխանություններին, որ քիմիական զենքի կիրառումն անթույլատրելի է:
Կարդացեք նաև
«Այսօր մենք աշխատում ենք Սիրիայում անցում կատարելու ուղղությամբ, որպեսզի այս երկրի ժողովուրդն ունենա պայծառ ապագա՝ ազատ Ասադի վարչակարգից», – ասել է նախագահ Օբաման Նևադա նահանգի Ռենո քաղաքում վետերանների հետ հանդիպման ընթացքում:
«Հաշվի առնելով վարչակարգի վերահսկողության տակ գտնվող քիմիական զենքի պաշարների առկայությունը, մենք շարունակելու ենք մատնանշել Ասադին և իր շրջապատին այն մասին, որ աշխարհն ուշադիր հետևում է, և որ այս սպառազինության օգտագործման ողբալի սխալ կատարելու դեպքում միջազգային հանրությունն ու Միացյալ Նահանգները պատասխանատվության կենթարկեն նրանց», – ասել է նախագահ Օբաման:
Սիրիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել են, որ երկրում առկա քիմիական զենքը կօգտագործվի միայն արտաքին թշնամու հարձակման դեպքում, և երբեք չի օգտագործվի սեփական ժողովրդի դեմ:
Երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ջիհադ Մաքդիսին երկուշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, թե քիմիական զենքի պաշարները գտնվում են «երկրի զինված ուժերի հուսալի պաշտպանության ներքո»:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան