Մի քանի օր է՝ ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում էր Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի տան հարեւանությամբ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի տղայի կրակոցների մասին տեղեկությունները: Քիչ առաջ Aravot.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ կրակոցներ չեն եղել:
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Վարդան Ղուկասյանի որդին Սամվել Բալասանյանի տան մերձակայքում կրակոցներ էր հնչեցրել` սպառնալով, որ իր հոր մրցակիցը «չի վայելելու»: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ այդ մասով «ուսումնասիրությունները շարունակվում են»:
Նշենք նաեւ, որ օրերս էլ մի խումբ գյումրեցիներ հավաքվել ու նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` պահանջելով Գյումրի «ոստիկանական զորք» մտցնել, քանի որ իրենց քաղաքում, քաղաքապետի առաջիկա ընտրություններով պայմանավորված «լարված եւ կրիմինալ» իրավիճակ է: Գյումրիի քաղաքապետի ընտրությունները սեպտեմբերի 9-ին, սակայն, գյումրեցիների խոսքերով, արդեն իսկ «իրար միս են ուտում»:
Ոստիկանությունը պատրաստվո՞ւմ է ընդառաջել գյումրեցիների խնդրանքներին եւ նախընտրական շրջանում ուժեղացված ռեժիմով աշխատել Գյումրիում, մեր հարցին, պարոն Մալխասյանն ասաց, որ «օպերատիվ վիճակը Գյումրիում կայուն է, իսկ ընտրությունների օրերին դեռ ժամանակ կա»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ