ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը ընդունելի է համարել Երեւանի Կենտրոնական ծածկած շուկայի վերականգնման էսքիզային նախագծի տարբերակը: Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել են ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում, շուկայի վերականգման էսքիզային նախագծի վերանայված տարբերակը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հուլիսի 13-ին կայացած նիստում:
«Նախագիծը՝ կատարված դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա լրամշակելուց հետո կարող է ներկայացվել հանրությանը: Նաեւ հայտնում ենք, որ անցյալ գիտամեթոդական խորհուրդների նիստերում կայացած քննարկումները վերաբերել են հուշարձանի ստորգետնյա հատվածին, որի համար ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է « Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ » ԲԲԸ կողմից Երեւանի ծածկած շուկայի տեխնիկական վիճակի եւ շենքի վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ կատարած լրացուցիչ ուսումնասիրությունը»,- հայտնել են ՀՀ մշակույթի նախարարությունում: