Սյունիքի մարզում գործող ճամբարներ չլինելու պատճառով, ամեն տարի մարզի երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է այլ վայրերում: Օրեր առաջ սյունեցի 60 երեխա 20 օրով Վայոց ձորի մարզի «Սիրանույշ» ամառային ճամբար է մեկնել, որոնց միացել են նաեւ մարզի ամեն տարածաշրջանից մեկական մանկավարժ՝ այնտեղ աշխատելու համար:
Ճամբարում անվճար հանգստանալու ուղեգրեր տրամադրվել էր մարզի 10-14 տարեկան միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ այն երեխաներին, ովքեր Հայ օգնության ֆոնդի ծրագրի շահառուներ են եւ տարեկան երկու անգամ ֆինանսական աջակցություն են ստանում կազմակերպությունից:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանի խոսքով` ներկայումս մարզում գործող ոչ մի ճամբար չկա, իսկ նախկինում մարզի տարածքում շատ ճամբարներ կային, որտեղ սյունեցի երեխաներից բացի, հանգստանալու էին գալիս երեխաներ` հանրապետության այլ վայրերից ու արտասահմանից: «Ամեն տարի մարզից շուրջ 1000 երեխա է անվճար հանգստանալու հնարավորություն ունենում, ինչը շատ քիչ է: Եթե նախկին ճամբարներից մի քանիսը վերագործարկվի, ապա հնարավոր կլինի ավելի մեծ թվով երեխաների ընդգրկել ամառային ճամբարներ», – նշում է Նաիրա Ավանեսյանը:
Մարզում ճամբարների բացակայության պատճառով անցկացվում են բակային կամ այլ տեսակի ժամանակավոր ճամբարներ` երեխաների առօրյան հետաքրքիր դարձնելու եւ ամառային հանգիստը քիչ թե շատ հագեցած անցկացնելու համար:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ