1993 թվականի հուլիսի 23-ին ազատագրվեց Աղդամը: Այսօր «Արմատ» ակումբում դրա պատմական կարևորության մասին էր խոսում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Վերջինիս կարծիքով, Աղդամը եղել է Լեռնային Ղարաբաղի սիրտը: Ադրբեջանի մտքով երբեք չի անցել Աղդամի շուրջ մեր ռազմական գործողություններ իրականացնելու մասին:
«Հունիսի պաշտպանական շրջանում տեղի ունեցան կարեւորագույն ռազմական գործողությունները: Հենց այդ կռիվների ժամանակ է, որ զոհվեց Հայոց հրամանատար Մոնթե Մելքոնյանը: Դրանից հետո ռազմական գործողությունները տեղափոխվեցին Ասկերան»,- ասում է Մինասյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Աղդամի ազատագրումը ընթացել է երեք հիմնական ուղղություններով, որոնք ղեկավարել են հզոր հրամանատարներ: Մանրակրկիտ պլանի ստեղծումն ու իրականացումը ջախջախել է Ադրբեջանի մեջքը, իսկ մեզ համար հանդիսացել ուժեղ մեջք` հետագա կռիվներում. «Ոչնչացվեց թշնամու գլխավոր որջը: Սրանց արդեն հաջորդեց Ֆիզուլիի գրավումը, ազատագրվեց Ջաբրաիլն ու Կուբաթլին: Սրանից վերջնական կոտրվեց թշնամին: Օպերացիայի արդյունքում ոչնչացվել են հրետանային այն ամբողջ կետերը, որով գնդակոծվել է Ղարաբաղը»:
Դեկանը նշեց նաեւ, որ այդ իրարանցումը մեծ խառնաշփոթ ստեղծեց նաեւ Թուրքիայում, եւ Ռուսաստանի կողմից առաջարկված զինադադարը անընդհատ խախտվել է:
Եթե չլիներ Աղդամը, դժվար թե լինեին հետագա հաղթանակները. Մինասյանի կարծիքն է, եւ , ըստ նրա, մենք պետք է ասենք, որ Շուշիի ազատագրումից հետո թշնամին ստացավ երկրորդ լուրջ հարվածը: Սա մեր ուժերին հնարավորություն տվեց վերադարձնել մեր հայրենիքը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ