Էկոսան տիպի զուգարանները, որոնք տեղադրվել են Հայաստանի 3 գյուղերում, ոչ միայն մարդկանց օգտագործման համար գրեթե բակտերիազերծ են, այլեւ դրանց պարունակությունը 6 ամիս հետո կարելի է օգտագործել որպես պարարտանյութ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության հիգիենայի եւ էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանը: Նրա ներկայացմամբ, բիոզուգարանները տեղադրվել են Խաչփար, Ֆոնտան եւ Հայանիստ գյուղերի դպրոցներում, իսկ այն գյուղացիներն էլ, որոնք ցանկացել են ունենալ նման զուգարաններ, վճարել են ընդամենը 20 հազար դրամ, իսկ զուգարանի մնացած արժեքը` 230 հազարը, կազմակերպությունն է տրամադրել: Ընդհանուր առմամբ, 30 զուգարան է տեղադրվել: Այս բիոզուգարանները, ըստ մասնագետի, սալիկապատ են, առանձին խցերով, իսկ դպրոցներում տեղադրվածները աղջիկների եւ տղաների համար` առանձնացված: Տիկին Սիմոնյանի խոսքերով` «Գյուղերը սոցիալապես անապահով գյուղեր են եւ այնտեղ գրունտային ջրերը բարձր են, եւ քանի որ այդ գյուղերի բնակիչներն օգտվում են հորատիպ զուգարաններից եւ հորային ջրերից, ապա վտանգը մեծ է, որ կոյուղաջրերն ու հորային ջրերը կխառնվեն: Այս գյուղերում նաեւ աղիքային ինֆեկցիաներն են շատ լինում: Ուստի եւ ջրագիծ ենք կառուցել եւ էկոսան զուգարաններ տեղադրել»: Փաստորեն, այս զուգարանները կարող են նաեւ գյուղացիների ֆինանսները խնայել եւ պարտանյութի համար էլ չվճարել: Ըստ տիկին Սիմոնյանի, այս զուգարանների պարունակությունը անվտանգ է, քանի որ հողի եւ ջրի մեջ չի գնում, հավաքվում է հատուկ կոնտեյներում, որը 6 ամիս հետո դառնում է, տիկին Սիմոնյանի խոսքերով ասած` հարուստ պարարտանյութ. «Մեր գյուղացիները հիմնականում օգտագործում են սիլիտրա, որը ազոտական պարարտանյութ է եւ ազդում է աճի վրա: Իսկ էկոզուգարաններից հավաքված ու կոնտեյներում պահածը, տարբեր միկրոէլեմենտներ է պարունակում, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութ է պարունակում, որը նաեւ գյուղմթերքի որակի վրա է ազդում»:
Մեր հարցին՝ թե այլ գյուղերում եւս կտեղադրվե՞ն էկոսան տիպի զուգարաններ, Լիլիկ Սիմոնյանն ասաց. «Ցավոք ծրագիրն ավարտվել է, բայց մենք Արարատի մարզի Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքներն ենք տանում, եւ ըստ նախագծի նաեւ պետք է էկոսան տիպի զուգարաններ տեղադրվի: Այս դպրոցի երեխաները ստիպված են լինում վազել հեռու տեղ զուգարան գնալու համար, ընդ որում ճիշտ չէ հասարակական վայրերում ունենալ հորատիպ զուգարան, այն էլ երեխաների համար: Մենք հիմա ֆինանսներ ենք փնտրում, բայց մարզպետը խոստացել է օգնել մեզ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ