Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երգչուհի Զառա Տոնիկյանը Երեւանում է

Հուլիս 24,2012 14:00

Քչերը կարող էին 1970-80-ականներին փշրել խորհրդային էստրադայի կարծրատիպերն ու բեմ դուրս գալ ոչ միայն կատարումների ստանդարտներն «ավերած», այլեւ բացառիկ հագուկապով, արտասահմանյան էստրադայում ընդունված բեմական պահվածքով՝ ազատ ու անկաշկանդ: Խորհրդային բազմազգ երկրում Հայաստանում այդ քչերից մեկը Զառա Տոնիկյանն էր՝ իր արվեստում միշտ հետաքրքիր ու նոր էր: 70-ականների սկզբներին Զառան այնպես եկավ, որ շատերը հիացան ու զարմացան, իսկ կոմունիստական չինովնիկները շշմեցին ու զայրացան… Զայրույթն էլ ծնեց արգելքների շարքը, բայց երբ երգչուհին 1974թ. Չեխիայում առաջինը Հայաստանը ներկայացրեց էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում ու հաղթեց, Զառան ապացուցեց, որ անգամ կուսակցության ու հայրենասիրության մասին երգերը կարելի է մատուցել ազատ ու անկաշկանդ, նույնիսկ ծնկից շատ վեր շրջազգեստով: Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանն էլ հաղթանակի առիթով իր առանձնասենյակում շամպայնով շնորհավորեց երգչուհուն: Զառայի անվան շուրջ սկսեցին պտտվել տարբեր խոսակցություններ, հիմնականում նշվում էր նրա տարօրինակ լինելը, դա բացատրվում էր նաեւ համերգներից, նկարահանումներից ու այլ միջոցառումներից երգչուհու հրաժարվելով: Իսկ ինչի՞ց եւ ինչո՞ւ էր հրաժարվում Զառան: Օրինակ, նա մերժում էր երգել իրեն պարտադրվող երգերը, նույնիսկ եթե միջոցառումը կոչվում էր կառավարական համերգ: Հաճախ խնդրում էր չցուցադրել իրեն չբավարարող այս կամ այն կատարման տեսագրությունը, ավելին, որոշ երգեր, որոնք գեղխորհրդի կողմից ընդունվում էին ռադիոյի ֆոնդ, Զառան պնդում էր դեռ «չմասսայականացնել»՝ խնդրելով կրկին  ձայնագրվելու հնարավորություն տալ: Այս ամենը որակելով տարօրինակություն՝ այն տարիների հայկական հեռուստատեսության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության որոշ պատասխանատուներ, «թռնելով Ստեփան Կարպիչի գլխից», Զառային պարզապես չէին հրավիրում ներկայանալի համարվող ամանորյա ծրագրի նկարահանումներին, թեպետ հեռուստատեսությամբ նրա հատուկենտ երգերի պրեմիերաներից հետո հաջորդ իսկ օրը դրանք հիթ էին դառնում: Հայ երգչուհին սպասված ու սիրված էր Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությունում. նա քանիցս հանդես է եկել գոլուբոյ օգոնյոկներում եւ ռուսական էստրադայի պրիմադոննա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան Կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված սովետա-շվեդական ծրագրում՝ Բաբաջանյանի, Ամիրխանյանի, Գրիգորյանի, Սաթյանի երգերով: Ընդ որում, այս կատարումները այսօր կարելի է գտնել youtube.com-ում՝ բազմաթիվ հիացական մեկնաբանություններով:

Զառա Տոնիկյանն այսօր Երեւանում է: Անկրկնելի երգչուհին 1992-ից բնակվում ու ստեղծագործում է Բելգիայում: «Առավոտի» հետ զրույցում նա հիշեց ու դարձյալ հպարտություն ապրեց, որ աշխատել է խորհրդային թիվ 1 ջազ նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ եւ բեմ բարձրացել արեւմտյան բազմաթիվ երկրների հեղինակավոր սրահներում: Իսկ Բելգիա տեղափոխվելուց հետո առաջին մենահամերգը կայացել է 1994թ., Կորտրեյկ քաղաքի ջազ-ակումբում: Երգչուհին հավաստիացրեց, որ ցանկացած ծրագիր մինչ օրս սկսում է Կոմիտասով: Հետաքրքրվեցինք՝ ո՞վ է զբաղվում նրա պրոդյուսերությամբ: Զառան հայտնեց ակումբի ջազ կիթառահար Հիդո դե Սիմպլատեի անունը, ով ճանաչված երաժիշտ է արեւմուտքում ու զբաղվում է իր համերգային գործունեությամբ: Ասաց նաեւ, որ վերջին համերգն էլ կայացել է 2012-ի շեմին՝ Գերմանիայի Օփեն քաղաքում անցկացվող ավանդական ջազ փառատոնում: Առանց մանրամասնելու էլ հայտնեց, որ բացի Բելգիայից, մեկ այլ երկրից էլ ունի ապրելու ու ստեղծագործելու հրավեր, ինչի առիթով դեռեւս մտածում է: Հարցին, թե 1992-ին արդեն Հայաստանում եւ արտերկրում հնչեղ անուն ունեցող երգչուհուն ի՞նչը ստիպեց գնալ հայրենիքից, Զառան պատասխանեց. «Ընդամենը մեկ իրողություն. մթության հանդեպ վախի զգացումը…»: Հավելեց, որ այս անգամ կարճ ժամանակով է Երեւանում, հանդիպել է կոլեգաներից Նադեժդա Սարգսյանին, Էմմա Պետրոսյանին, Էմմիին, Արամոյին, կոմպոզիտոր Արամ Սաթյանին, ու ամեն ինչ կանի մյուսներին եւս հանդիպելու համար: Իսկ 2013-ին մտադիր է մենահամերգով ներկայանալ հայաստանցի հանդիսատեսին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031