Պատմաբանի դիտարկումները
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով անգամ Երեւանում երեկոյան 18-19-ից հետո եկեղեցիների փակվելու մասին՝ կարծիք հայտնեց, թե լավ կլիներ, որ դրանք գոնե մինչեւ կեսգիշեր բաց լինեին: Ապա փաստեր բերեց, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ մտել են եկեղեցի՝ միզելու համար, իսկ քիչ բնակեցված մասերում կամ բնության գրկում գտնվող եկեղեցիներ եւ մատուռներ կենդանիներ են ներխուժել:
Նրա գնահատմամբ՝ հոգեւոր եւ կրոնագիտական թեմաներով մամուլի հրապարակումները շատ չեն. ոչ բոլոր հոգեւորականներն են պատրաստ հարցազրույցների, որովհետեւ նախ՝ դրա համար պետք է պարտադիր թույլտվություն ստանան, հետո շատերը նախընտրում են անցավ գլուխները ցավի տակ չդնել, մանավանդ՝ եկեղեցին ունի մարդիկ, որոնք պարբերաբար ներկայացնում են Մայր աթոռի դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Արդյոք այսօր շատ չե՞ն քննադատում Հայ առաքելական եկեղեցին եւ նրա ներկայացուցիչներին:
Պատմաբանի համոզմամբ. «Դա լավ է, որովհետեւ երբ մեկին քննադատում ես, իրենից բան ունես պահանջելու: Եկեղեցին ավելի շատ պետք է վախենա այն բանից, որ իրեն հանկարծ չմատնեն անտարբերության, որովհետեւ երբ քննադատում են, ուզում են՝ ինչ-որ բան փոխվի, եթե, իհարկե, քննադատությունն օբյեկտիվ է: Երբեմն Հայ առաքելական եկեղեցին դա ընկալում է իբրեւ վիրավորանք, ասում են՝ եկեղեցին սուրբ է, չի կարելի որեւէ ոչ հաճո խոսք ասել: Մյուս կողմից՝ կամաց-կամաց այդ մոտեցումը փոխվում է, երիտասարդ հոգեւորականները այլ կերպ են մտածում, փորձում են համարժեք պատասխան տալ, որովհետեւ ի վերջո իրենք դրանից շահում են, եւ հակասություններն են զարգացում ապահովում, այլապես եկեղեցին կդոփի իր տեղում»:
Մեր զրուցակիցը դրական միտում է համարում հոգեւորականների՝ բլոգոսֆերա մտնելը, ասում է՝ դա հնարավորություն է տալիս, որ մարդիկ եկեղեցու հետ կապված հարցերն ուղղակի բարձրացնեն ու առողջ քննարկումներ ծավալեն:
Հովհաննես Հովհաննիսյանը համամիտ չէ այն կարծիքին, թե Հայ առաքելական եկեղեցին պետք է դիտարկել իբրեւ ազգային եկեղեցի: Ասում է. «Եթե ամբողջ ազգի 100 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ չէ, եկեղեցին չի կարող ազգային համարվել, մանավանդ՝ ազգի մի հատվածը հարում է կրոնական այլ կազմակերպությունների: Կլինեն մարդիկ, որոնք կասեն՝ դիցուք, ես մուսուլման եմ, բայց հայ եմ, չէ՞: Ինքնության խնդիրը շատ է շոշափվում: Նույնիսկ նախագահի շուրթերով դա բազմիցս ասվել է: Կարծում եմ՝ նա լավ ձեւակերպում տվեց, թե կապ չունի՝ կաթոլի՞կ են, մուսուլմա՞ն, Հայ առաքելական եկեղեցու հետեւո՞րդ, կարեւորը հայ լինելն է: Նախագահը բացառեց ազգային եկեղեցու կոնցեպտը, եւ դա ազգային միասնականության համար շատ ճիշտ մոտեցում էր»:
Քանի որ վերջին շրջանում հրապարակումներ եղան այն թեմայով, որ կաթողիկոսը պետք է ամուսնացած լինի, մեր զրուցակցին հարցրինք՝ ի՞նչ է մտածում այս «մասով»: «Հոգեւորականությունը եւ եկեղեցին դա ընկալում են որպես բողոքականության դրսեւորում եւ ազդեցություն: Կան երեւույթներ, որոնք ընդունվել են ժամանակի ընթացքում եւ սպառել իրենց: Նման մի երեւույթ էլ կուսակրոնությունն է: Դա ընդունվել է ժամանակի հանգամանքների բերումով, բավական էֆեկտիվ ծառայել նպատակին: Դարաշրջանը փոխվում է, կան բնական, ֆիզիկական պահանջներ, ուստի դա որոշակիորեն հնացած է եւ զուտ ավանդույթի խնդիր է, այդ պատճառով որեւէ բարձրաստիճան հոգեւորական չի համարձակվում հարցի մասին բարձրաձայն խոսել: Իմ կարծիքով՝ շատ ավելի լավ կլիներ, որ բարձրաստիճան հոգեւորականները ամուսնացյալ լինեին, վերանար տարբերությունը ամուսնացյալների ու չամուսնացյալների»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ