Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասենք ամերիկյան կողմի դիրքորոշմանը

Հուլիս 24,2012 13:53

Օսկանյանը փողերի լվացման արարքում կարող է մեղավոր ճանաչվել

ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը զետեղել է Վարդան Օսկանյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման քրեական գործի ֆաբուլան եւ տեղեկացրել, որ քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու մասին փաստաբանի բողոքը մերժվել է հիմնազուրկ լինելու հենքով (panorama.am, 26 հունիսի 2012թ.):

Ֆաբուլա. ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող ՀՀ-ում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100%-անոց բաժնեմասը շուրջ 2. 000. 000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդյունքում հարկային մարմիններին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտականություններ չկատարելու, ամերիկյան կողմի ՀՀ-ում թողնված եւ բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներով չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր նախագահ Վ. Օսկանյանի եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաեւ գումարի մի մասը անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքով:

Իմ պատկերացմամբ՝ ֆաբուլային հիմքերը բանավիճելի են, ինչին անդրադառնանք հանցագործության կազմը հակիրճ դիտարկելով: Հանցավոր եկամուտները օրինականացնելը (լվանալը) համարվում է միջազգային բնույթի հանցագործություն, որի դեմ պայքարի հարցերը արտահայտված են միջազգային կոնվենցիաներով (օրինակ՝ հանցավոր գործունեությամբ ստացված եկամուտների լվացման մասին Եվրոպական խորհրդի 1990թ. նոյեմբերի 8-ի կոնվենցիան, անդրազգային կազմակերպված հանցագործությունների մասին ՄԱԿ-ի 2000թ. դեկտեմբերի 13-ի կոնվենցիան եւ այլն): Հիշյալ հանցագործության անմիջական օբյեկտը տնտեսական ոլորտում դրամա-վարկային շրջանառությունը կարգավորող հասարակական հարաբերություններն են, իսկ կազմի պարտադիր հատկանիշը առարկան է, ըստ որում՝ դրամական միջոցները եւ գույքը: Փողերի լվացման օբյեկտիվ կողմը բնութագրող գործողությունները հիմնականում կատարվում են հետեւյալ ձեւերով. դրամական միջոցներով եւ այլ գույքով ֆինանսական գործառնություններ են կատարվում (արժեթուղթ, դրամ, արտերկրի վալյուտա, վարկավորում, ավանդավորում եւ այլն), կատարվում են այլ գործարքներ: Գործարքը դա քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքների եւ պարտականությունների սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարեցնելուն, գործարքները կարող են լինել միակողմանի, երկկողմանի եւ բազմակողմանի (պայմանագրեր, նվիրատվություններ եւ այլն),

ձեռնարկատիրական եւ այլ տնտեսական գործառնություններ ծավալելու միջոցով իրավական տեսքի են բերվում հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցները կամ գույքը: Հանցագործության այս ձեւը ներառվում է տնտեսական գործողության սուբյեկտների ամեն մի գործունեություն, ինչը ուղղված է կրիմինալ կապիտալի օրինականացմանը: Դա կարող է լինել առեւտրային կազմակերպություններ հիմնելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այդպիսի կազմակերպության հիմնադիր կապիտալին մասնակցելու միջոցով, կարող են լինել տարբեր հասարակական կազմակերպություններ, բարեգործական եւ այլ ֆոնդեր, հիմնադրամներ կամ առեւտրային բանկեր:

Իմիջիայլոց, քննարկվող հանցագործության պարագայում բանավիճելի է լվացման ենթակա գույքի կամ եկամուտի ծագման փաստի խնդիրը: Ըստ այդմ՝ Եվրոպական խորհրդի կոնվենցիան պարզաբանել է, որ եկամուտը նշանակում է յուրաքանչյուր տնտեսական եկամուտ, որը ստացվել է քրեական իրավախախտում կատարելու արդյունքում: Այդ շահը կամ օգուտը կարող է լինել գույքային եւ ոչ գույքային, անշարժ կամ շարժական, ամեն մի գույք, ինչպես նաեւ գույքային իրավունքներ վերապահող իրավական ակտեր ու փաստաթղթեր (կոնվենցիայի 1-ին հոդված, ա) եւ բ) կետեր):

Հիշյալ ամրագրումից նկատվում է, որ կոնկրետ անձին՝ հիմնադրին, բարեգործին եւ այլոց քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում անհրաժեշտ է հաստատել, որ նրա գործունեության առարկան, այսինքն՝ դրամական միջոցները եւ այլ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով: Օրինակ, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսդրությամբ առարկայի հարցը հստակեցված է, ըստ այդմ՝ քրեական պատասխանատվություն է առաջացնում.

ա) երբ օրինականացվում (լվացվում) է ուրիշ անձանց կողմից հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցները եւ այլ գույքը (ՌԴ-ի քրեական օրենսգրքի 174 հոդված),

բ) երբ օրինականացվում (լվացվում) է անձի՝ իր կատարած հանցագործության արդյունքում ստացված դրամական միջոցները եւ այլ գույքը,

եւս մի պայման: Քանի որ փողերի լվացումը կատարվում է մեղքի ուղղակի դիտավորությամբ, ապա կատարող անձին կամ մասնակցին մեղավոր ճանաչելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ նրանք գիտակցել են ֆինանսական շրջանառությունը (օպերացիան) կամ այլ գործարքը հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցներով եւ այլ գույքով կատարելու հանգամանքը եւ ցանկացել են կատարել այդ գործողությունը, նպատակ ունենալով իրավական տեսք հաղորդել գույքի տնօրինմանը, օգտագործելուն եւ տիրապետելուն (րՎ. ԽՏՎՎպվՑՈՐՌռ Ս ձչՏսՏՉվՏՎց ՍՏՊպՍրց ՀՂ, 2010չ., ԾՏրՍՏՉրՍՈÿ չՏր. þՐՌՊՌփպրՍՈÿ ՈՍՈՊպՎՌÿ, րՑ. 630):

Մեր օրենսդրությամբ փողերի լվացումը քրեական պատասխանատվություն է առաջացնում հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը արարքի համար (եթե հայտնի է, որ գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում): Այդ անկատար նորմում նպատակների ցանկը ուռճացվել է (17 նպատակ), ինչը կարող է հանգեցնել դատական սխալների, այն դեպքում, երբ փողերի լվացման բուն նպատակը հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների եւ գույքի տնօրինմանը, տիրապետմանը եւ օգտագործմանը իրավական տեսք հաղորդելն է:

Լրատվամիջոցները հաճախ պատկերում են Գլենդելում Վարդան Օսկանյանի առանձնատունը, խոսվում է մորմոնների հետ նրա կապի մասին եւ այլն: Անկախ այս բոլորից, ֆաբուլային հիմքերից նկատվում է, որ ամերիկյան կողմի՝ ՀՀ-ում հիմնած «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100%-անոց բաժնեմասը, ինչը վաճառվել է 2. 000. 000 ԱՄՆ դոլարով, այսինքն՝ առարկան, հանցավոր ճանապարհով ստացված լինելու փաստը հաստատված չէ (ֆաբուլայում նույնպես շեշտադրում չկա), հետեւաբար, փողերի լվացման հանցակազմը բացակայում է: Հիշյալ գործարքը փողեր լվանալու հանցագործության կազմ կարող է առաջացնել, եթե ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաները ՀՀ-ում հիմնած «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100%-անոց բաժնեմասը ստացել են հանցավոր գործունեության արդյունքում: Այդ պարագայում էլ Վարդան Օսկանյանը փողերի լվացման արարքում կարող է մեղավոր ճանաչվել, եթե նա գիտակցել կամ գիտեցել է հիշյալ հանգամանքների մասին: Իսկ զուտ բարեգործության համար գումարից կամ ֆոնդից 1.135.000 ԱՄՆ դոլարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի եւ մյուսների հաշվեհամարներին փոխանցելը կամ հարկային պարտականություններից խուսափելը եւ այլ ֆինանսական գործառնությունները, ինքնըստինքյան փողերի լվացման հանցակազմ չեն առաջացնում՝ բնույթով տարբեր բաներ են: Դրանք փողերի լվացման կազմի օբյեկտիվ կողմը բնորոշող գործողություններ կճանաչվեն, երբ առարկան ստացվել է հանցավոր ճանապարհով: Սպասենք ամերիկյան կողմի դիրքորոշմանը:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031